Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել, որպեսզի բնակիչն իրեն զգա իր շենքի տերը, գիտակցի, որ ոչ միայն բնակարանն է իրենը, այլ նաև տանիքը, նկուղը, աստիճանահարթակը

Փետրվար 01,2018 16:06

«Սևան համայնքում կա 213 բազմաբնակարան շենք, որոնք շահագործվել են 40-70 տարի առաջ: Այդ շենքերում բնակարանների թիվը 5751 է, մուտքերի թիվը` 457: Շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է 366.279 հազ. քմ: Սևան համայնքը մարզում ունի ամենամեծ բնակֆոնդը: 1991-1999թթ-ին կատարվել է բնակարանների զանգվածային սեփականաշնորհում: Դրանից հետո բնակֆոնդին անհրաժեշտ սպասարկման, պահպանման և մյուս գործառույթները պետության կողմից դադարեցվել են, որն էլ բնականաբար ունեցել է իր ծանր հետևանքները»,- ասում է Սևան համայնքի ղեկավարի խորհրդական Պապ Պետրոսյանը:

Այդ հետևանքները կանխելու նպատակով էլ ստեղծվել են համատիրությունները: Սևանում առաջին համատիրությունն ստեղծվել է 2003թ-ին, որին հետևեցին նաև մյուսները: Ներկայումս Սևան համայնքում գործում է 7 համատիրություն, որից ամենաերիտասարդը` «Մեր բակը», ստեղծվել է 2016թ.` ընդգրկելով երկու բազմահարկ շենք:

Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այս կառույցը շատ դեպքերում անզոր է լուծել ֆիզիկական քայքայման վտանգի տակ գտնվող շենքերին առնչվող բազում խնդիրները, ու բնակիչներին էլ այդ խնդիրների լուծման ուղիղ ճանապարհը բերում է համայնքապետարան:

«Արեգ» համատիրության նախագահ Անյուտա Ավագյանը ներկայացնում է անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, հավաքագրումների վիճակը. «20 բազմաբնակարան շենք ունեցող համատիրությունում հնարավոր է եղել գանձել 857.090 հազար դրամ սպասարկման վճար, որից 554.040 հազար դրամն օգտագործվել է շինանյութերի ձեռքբերման և աշխատանքների իրականացման համար: Եվս 130.000 հազար դրամ տրամադրել է համայնքապետարանը: Այդ և հավաքագրված գումարը նպատակուղղվել է մի շարք շենքերի տանիքների վերանորոգմանը, կատարվել է շենքի նկուղային հարկի քանդված պատի բետոնապատում, խափանված ջրագծերի նորոգում և այլն»:

 Մինչև բնակիչն իրեն չզգա իր իսկ շենքի սեփականատեր, դժվար թե հնարավոր լինի արձանագրել լուրջ առաջընթաց: Հավաքագրված գումարն արդեն իսկ փաստում է այդ իրողությունը. 20 շենք ունեցող այս համատիրությունը, համատիրության նախագահի փոխանցմամբ, պետք է հավաքագրեր 2 մլն 650 հազար դրամ:

«Գառաժ» համատիրությունում էլ, որի կազմում ընդգրկված է 14 շենք, գրեթե նույն վիճակն է: Համատիրության նախագահ Առնակ Սահակյանի տեղեկացմամբ, նախատեսված 4 մլն 800 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է 746 հազար 430 դրամ, որի միջոցով վերանորոգել են շենքերի ջրագծերը, կոյուղագծերը, մուտքերը:

Չեղած կամ քիչ գումարով գոյատևելու խնդիրը տարիների վաղեմություն ունի, իսկ շենքերին սպառնացող վտանգները գնալով ավելանում են:

«Գառաժ» համատիրության կազմում ընդգրկված Նաիրյան 4 շենքը բացառություններից մեկն է:

2017թ. մայիսի վերջից մեկնարկեցին 1973թ. շահագործման հանձնված շենքի վերանորոգման աշխատանքները: Երեք ամիս անց արդեն շենքը ներկայանում էր նորովի ու թարմացած:

Համատիրության նախագահ Առնակ Սահակյանն ու բնակիչներն էլ անթաքույց հպարտությամբ ներկայացնում են կատարված աշխատանքը: Վերանորոգվել են շենքի 4 մուտքերի 1-5-րդ հարկերը, տեղադրվել են մուտքերի երկաթե դռներ, ներկվել են պատուհաններն ու ճաղավանդակները, մուտքերում առկա բոլոր լարերը առանձնացվել են, մեկուսացվել, շենքի արտաքին մասում ևս իրականացվել են աշխատանքներ. վերանորոգվել են մուտքեր տանող աստիճանները, ճակատային մասում կատարվել են կոսմետիկ աշխատանքներ:

Շենքի հին ու նոր բնակիչների գոհունակությունն անսահման է: Իրենց ուժերով այսքան աշխատանք հնարավոր չէր իրականացնել, իսկ Գեղամ Վարդանյանը` իրենց հարևանն ու ընկերը, ով արդեն 20 տարի բնակվում է Վոլգոգրադ քաղաքում, շենքի բնակիչներին նվիրել է կոկիկ և աչք շոյող մուտքեր և ամենակարևորը` լավատեսություն:

Համայնքի ղեկավարի խորհրդական Պետրոսյանը վկայակոչում է օրենքը. «Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են կատարել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել այդ նորմերի պահանջները, որն էլ երկարացնում է շենքերի կյանքը»:

Բնակիչներն այս կառավարման բուն նպատակը չեն ըմբռնում, որի արդյունքում էլ շենքերում առաջացած բազմաթիվ խնդիրները դուրս են գալիս շենքի, համատիրության սահմաններից ու դառնում համայնքինը:

Անկախ կառավարման ձևից` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է բնակֆոնդի պահպանության խնդիրը: Այդ են վկայում 2017 թվականին համայնքապետարանի կողմից համայնքի մի քանի տասնյակ շենքերում կատարված աշխատանքները` ջրագծերի, կոյուղագծերի փոխում, վերանորոգում, տանիքների մասնակի վերանորոգում, մուտքերի նորոգում, որոնց արդյունքում լուծում են ստացել տարիներով հիմնախնդիր դարձած հարցերը:

«Բազմաբնակարան շենքերի սեփականատիրության, ընդհանուր բաժնային սեփականության կառավարման և պահպանման ողջ համակարգը գործում է անարդյունավետ: 1996թ-ին համատիրությունների ներդրումը` որպես շենքերի սեփականատերերի ինքնակառավարման դրսևորում, առաջին քայլն էր խնդիրը լուծելու ճանապարհին: Սակայն ընդունված օրենքը համակարգված լուծում չտվեց: Օրինակ` օրենքը սահմանում է համատիրությունների կամավոր ստեղծման սկզբունքը: Եվրոպական երկրների մեծ մասում գործում են բազմաբնակարան շենքերի սեփականատերերի փոխհարաբերությունների հարկադրական հիմունքներ: Այնինչ մեզ մոտ համատիրության հանդեպ սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները հստակեցված չեն և չեն կրում պարտադիր բնույթ»,- ասում է համայնքի ղեկավարի խորհրդականը:

Շատ դեպքերում բնակիչն իրեն չի էլ համարում համատիրության անդամ` չկրելով որևէ պատասխանատվություն:

Ինչ անել, որպեսզի բնակիչն իրեն զգա իր շենքի տերը, գիտակցի, որ ոչ միայն բնակարանն է իրենը, այլ նաև տանիքը, նկուղը, աստիճանահարթակը: Ահա այստեղ է, որ հակասությունները դառնում են առավել ակնառու:

Չվճարումների համար կա հիմնական երկու գործոն` վստահության պակաս և անվճարունակություն:

Շենքերում առկա բազմաթիվ խնդիրների լուծման գործում բնակիչը պարզապես իր դերակատարումը չի տեսնում և դառնում է դիտորդ ու պահանջատեր: «Համատիրության հաշվեկշռում գտնվող 60 բազմաբնակարան շենքերի զգալի մասը տանիքների հիմնանորոգման կարիք ունի: Կոյուղագծերը, ինչպես նաև դիտահորերը ենթակա են նորացման: Քիչ չեն խնդիրները` կապված շենքերի, շքամուտքերի, դռների և աստիճանահարթակների, աղբատար խողովակների հետ: 1քմ-ի համար սահմանված 8 դրամով զգալի աշխատանք հնարավոր չէ կատարել, դրան գումարվում են նաև չվճարումները»,- ասում է Ռոբերտ Հարությունյանը:

Անցյալ տարի «Համերաշխություն» համատիրությունում հավաքագրել են 3 մլն 105 հազար դրամ, այնինչ, համատիրության անդամների` իրենց պարտականությունները կատարելու դեպքում պետք է հավաքագրվեր 9 մլն 800հազար դրամ:

Ստեղծվել է կախարդական շղթա. պետք է վճարել, որպեսզի աշխատանք կատարվի թե, հակառակը` բնակիչը պետք է տեսնի աշխատանք, որպեսզի վճարի:

«Եթե սպասենք հավաքագրումներին, ոչ մի աշխատանք էլ չպետք է կատարենք: Բնակիչը կամ վճարունակ չէ, կամ պարզապես չի ուզում վճարել, իսկ արդյունքում շարքից դուրս են գալիս կոմունիկացիաները: Բնակիչների հետ պետք է աշխատանք տարվի, ինչպիսին` դեռ չգիտեմ»,- ասում է «Գառաժ» համատիրության նախագահ Առնակ Սահակյանը:

Բնակչի հետ աշխատանք տանելու տարբերակներից համայնքի ղեկավարի խորհրդական Պետրոսյանն առանձնացնում է մեկը` համատիրությունների թափանցիկ և հաշվետու աշխատանքի կազմակերպումը: «Համատիրությունների նախագահների կողմից յուրաքանչյուր շենքի բյուջեն պետք է փակցվի մուտքերում, նույն ձևով պետք է տրվի նաև հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Սա բնակչի կողմից վստահության վերականգնման և իր իսկ կողմից ստեղծված համատիրությանն ընդառաջ գնալուն ճանապարհներից մեկն է,- այս տարբերակն առաջարկելուց զատ նա ավելացնում է:- Կա մի մտայնություն, որ եթե շենքի հետ կապված որևէ խնդիր է առաջանում, ապա պետք է լուծի համայնքապետարանը` ի դեմս համայնքի ղեկավարի: Մինչդեռ տեղական իշխանությունը կամավոր լիազորությունների շրջանակներում կարող է իրականացնել որոշակի օգնություն, ընդգծում եմ` կամավոր»:

«Գարուն» համատիրության կազմում ընդգրկված է 25 շենք` բազմաբնակարան և քոթեջներ: Համատիրության նախագահ Հրանտ Միքայելյանն ասում է. «Ես գոհ եմ բնակիչներից. շատ դեպքերում նրանք մեր, ավելի ճիշտ` իրենց շենքերի կողքին են: Բնակիչը պետք է մասնակցի իր խնդիրների լուծմանը, որպեսզի շահագրգիռ լինի իր շենքի պահպանության հարցերում: Իսկ խնդիրների պակաս չկա` տանիք, դիտահորեր, կոյուղագծեր, մուտքեր: Անցյալ տարի 1մլն 700 հազար դրամով Գագարինի մի շարք շենքերում առաջնահերթություն պահանջող աշխատանքներ իրականացվեցին, որը նաև համայնքի աջակցության շնորհիվ էր»:

Համատիրությունների խնդիրների լուծումը համայնքների իրավասության մեջ չի մտնում, տեղական ինքնակառավարման մարմինը իրավասու է վերահսկել համատիրության գործունեությունը, իսկ համատիրություններն էլ ի զորու չեն նման խնդիրները լուծելու: Վաղուց հասունացել է կոնկրետ քայլերի դիմելը, անգամ օրենսդրական փոփոխություններ կատարելը:

Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Սևանում բնակֆոնդը ազգային հարստություն է` և արժեքով, և ռազմավարական նկատառումներով, ուստի ոլորտում տիրող իրավիճակը պետք է դիտարկել որպես ազգային, համապետական թիվ 1 խնդիր և վիճակը բարելավել պետական մակարդակով և միջոցներով: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ էլ առկա է այդ դիրքորոշումը` բազմաբնակարան շենքերի սեփականության և կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին և ներդնել միջազգային լավագույն փորձը:

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում իրականացվող հերթական օրենսդրական քայլը խոստանում է լինել արդյունավետ, եթե թղթից տեղափոխվի իրականություն, և չխախտվի իրավունք-պարտականություն սահմանը:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728