Բրիտանական Economist Intelligence Unit հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս 2017. ազատ խոսքը հարձակման տակ է» զեկույցը, որում Հայաստանը դասվել է «հիբրիդային ռեժիմների» ցանկում:
Ժողովրդավարության ինդեքսը կազմվում է 5 չափանիշների հիման վրա. ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության աշխատանք, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:
167 երկրների շարքում Հայաստանը 4.11 միավորով զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը՝ համարվելով հիբրիդային երկիր, այսինքն` երկիր, որը միջանկյալ տեղ է զբաղեցնում ժողովրդավար և ավտորիտար պետական համակարգերի միջև:
Ընտրական գործընթաց և բազմակարծություն դասակարգում Հայաստանը գնահատվել է 5.25 միավորով, կառավարության աշխատանքը՝ 2.86 միավոր, քաղաքական մասնակցությունը՝ 5 միավոր, քաղաքական մշակույթը՝ 1.88, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 5.59:
Ուշագրավ է, որ նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 3.88 միավորով դասվել էր ավտորիտար երկրների (120-րդ հորիզոնական) շարքում: Այս տարվա զեկույցում նշվում է, որ Հայաստանի ցուցանիշը բարելավվել է «սահմանադրական բարեփոխումների արդյունքում, որով իշխանությունը նախագահից անցնում է խորհրդարանին»:
Հայաստանի հարևան երկրներից հիբրիդային երկրների ցանկում են նաև Վրաստանն ու Թուրքիան՝ համապատասխանաբար 73-րդ (5.93) և 100-րդ (4.88 միավոր) հորիզոնականներում:
Ադրբեջանը 2.65 միավորով զբաղեցրել է 148-րդ տեղը՝ դասակարգվելով որպես ավտորիտար երկիր: Իրանը՝ որպես ավտորիտար ռեժիմ, գտնվում է 150-րդ տեղում՝ 2.45 միավորով: Ավտորիտար է ճանաչվել նաև Ռուսաստանը՝ զբաղեցնելով 135-րդ հորիզոնականը (3.17 միավոր):
Ընդհանուր առմամբ, զեկույցում նշվում է, որ աշխարհի բոլոր շրջաններում ժողովրդավարությունը լուրջ հետընթաց է ապրել: Ըստ զեկույցի հեղինակների՝ աշխարհում լիարժեք ժողովրդավարություն ունի միայն 19 երկիր. դա կազմում է զեկույցում ներառված պետությունների 11.4 տոկոսը: Այդ երկրներում ապրում է միայն բնակչության 4.5 տոկոսը: «Ոչ բավարար ժողովրդավարություն» ունեցող երկրների շարքում հայտնվել է 57 պետություն, «հիբրիդային ռեժիմ» գրանցվել է 39 երկրում, իսկ ավտորիտար է համարվել 52 երկիր (մոլորակի բնակչության 34 տոկոսը):
Ժողովրդավարության ինդեքսում լավագույն ցուցանիշները գրանցվել է սկանդինավյան երկրներում՝ Նորվեգիա, Իսլանդիա և Շվեդիա: Ժողովրդավարության ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների եռյակում են Չադը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ