Հունվարի 23-ին Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանն ազատվել է աշխատանքից: Aravot.am-ի տեղեկություններով՝ նա սկզբում դիմում է գրել, ավելի ուշ ետ վերցրել այն, սակայն նրան, այնուամենայնիվ, ազատել են աշխատանքից դիմումի համաձայն:
Ըստ Զանգեզուր TV-ի, դպրոցում ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել, գործը հանձնվել է իրավապահ մարմիններին: Որոշ տեղեկություններով, այս տնօրենից ազատվելու պատճառը նրա` «Սյունյաց երկիր» թերթին բաժանորդագրվելն է:
Aravot.am-ի հետ զրույցում արդեն նախկին տնօրենի փաստաբան Արշավիր Խալափյանը հայտնեց, որ պատրաստվում են Լիլիթ Առաքելյանի իրավունքները վիճարկել դատական եղանակով: «Ես գտնում եմ, որ Լիլիթ Առաքելյանին անօրինական են ազատել աշխատանքից եւ կարծում եմ, որ բավարար հիմքեր կան, որպեսզի մենք փորձենք դատական ճանապարհով քաղաքացու իրավունքը վերականգնել»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է ազատման պատճառների մասին շրջանառվող լուրերին, մեր զրուցակիցը հավելեց. «Լուրեր ես էլ եմ լսել, բայց այն, ինչը չեմ կարող հիմնավորել, չեմ կարող դնել հայցի հիմքում, հայցի հիմքում ես պետք է դնեմ իրավական նորմերի պահանջների խախտումները»: Ավելին` պարոն Խալափյանը ձեռնպահ մնաց հայտնել:
Հիշեցնենք, որ Լիլիթ Առաքելյանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարել դպրոցում, նա եղել է «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի 2012թ. հաղթող, Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ եւ վերապատրաստող ուսուցիչ, 1-ին աստիճանի տարակարգված ուսուցիչ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ