Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողոտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը: Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, որոնք բերման են ենթարկվել բաժին:
Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաև 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին:
Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:
Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են:
ՀՀ ոստիկանություն