Լրահոս
Օրվա լրահոսը

Իծաքարցի կանայք հաշտվել են իրենց ծեծած համագյուղացի տղամարդու հետ

Փետրվար 01,2018 15:13

Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ Արմեն Այդինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, 2 դրվագով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ 2017թ. նոյեմբերի 7-ին, ժամը 18-ի սահմաններում, Իծաքարում, շներին կապած չպահելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի, 1958թ. ծնված կնոջը, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս`դիտավորությամբ պատճառելով ճակատի ձախ կեսի արյունազեղման, ձախ հոնքի դրսային ծայրի սալջարդ վերքի ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ, նույն վիճաբանության ընթացքում Արմեն Այդինյանը ծեծի է ենթարկել իր կողմից ծեծված կնոջն օգնության հասած, վերջինս եղբոր կնոջը (ծնված`1965թ.): Նա ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել այդ կնոջը`դիտավորությամբ պատճառելով աջ աչքի ստորին կոպի արյունազեղման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելուց առաջ տուժողները եւ ամբաստանյալը դիմումներ են ներկայացրել, որ միմյանց հետ հաշտվել եւ խնդրել են քրեական գործի վարույթը կարճել: Մեղադրողը միջնորդության դեմ չի առարկել:

Դատարանը արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե նշված օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ:

2018թ. հունվարի 25-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով`2 դրվագով, առաջադրված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել`ամբաստանյալի հետ տուժողների հաշտվելու պատճառով, Ա. Այդինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնել, տուժողների կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով տվյալ հարցը համարել լուծված:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728