Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերի վերաբերմունքն ադրբեջանցիների նկատմամբ գնալով կոշտանում է. զեկույց

Փետրվար 01,2018 14:56

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գնալով ավելի շատ են փոխզիջումների չգնալուն հակված մարդկանց տրամադրությունները Ադրբեջանի հետ երկարատև հակամարտության մեջ, ինչպես նաև գնալով մարդիկ ավելի հոռետես են դառնում խաղաղության հնարավորության հարցում: Այս մասին Eurasianet-ում գրում է հոդվածագիր Ջոշուա Կուչերան:

Հայաստանում կոշտացող վերաբերմունքն ավելի նկատելի է դառնում վերջին մի քանի տարիներին, միտում, որն արագացել է 2016 թ. ապրիլի ծանր մարտերից հետո, երբ 1994 թ. հրադադարից հետո առաջին անգամ հայերը տարածքային կորուստներ ունեցան: Սակայն Երևանի Կովկասյան ինստիտուտի անցկացրած նոր հարցումը այս տպավորությանը որոշակի տվյալներ է հաղորդում:

2004թ. անցկացված հարցումը, օրինակ, պարզել էր, որ հայերի երկու երրորդը կողմ է հանուն խաղաղության Ադրբեջանին որոշակի զիջումների գնալուն: Մինչդեռ 2017թ. հարցումը «ցույց է տալիս, որ փոխզիջման գնալու պատրաստակամությունը կտրուկ նվազել է». փոխզիջումներին կողմ է արտահայտվել միայն 8 տոկոսը:

«Ոչ փոխզիջումային վերաբերմունքը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում դարձել է օրինաչափություն,- գրում են զեկույցի հեղինակները:- Այս վերաբերմունքը վտանգում է խաղաղ կարգավորման հեռանկարները»:

Անհատ ադրբեջանցիների հետ ընկերություն անելու գաղափարի կողմնակիցների թիվը նույնպես նվազել է: 2009թ. հարցման տվյալների համաձայն՝ հայերի 30 տոկոսը հնարավոր էր համարում ադրբեջանցիների հետ ընկերությունը այն դեպքում, երբ ադրբեջանցիների միայն 1 տոկոսն էր դա հնարավոր համարում հայերի հետ: «Սա հսկայական անդունդ է, որը, վերջին տարիներին գնալով փակվում է»,- ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտության մեջ այդ պնդումը հաստատող նոր թիվ չի բերվում, սակայն այն ցույց է տալիս, որ զգալիորեն կրճատվել է այն հայերի թիվը, որոնք ցանկանում են գործ ունենալ ադրբեջանցիների հետ՝ 2009թ. 35 տոկոսից 2015թ. հասնելով 17 տոկոսի:

Այս միտումը վատթարացել է երկու տարի առաջ տեղի ունեցած ծանր մարտերից հետո, հոդվածի հեղինակներին ասել է փորձագետներից մեկը, որի անունը չի հրապարակվում: «2016թ. ապրիլից հետո նկատվել է վերաբերմունքի ծայրահեղացում: Մարդիկ ցանկանում են պատասխան տալ ադրբեջանցիներին, եթե նրանք նորից պատերազմ սկսեն: Մի կողմից, մենք ունենք կորցրած տարածքներ, մյուս կողմից շատ մարդիկ վրեժ են ուզում լուծել և կցանկանային հարցը մեկընդմիշտ լուծել պատերազմի միջոցով»:

Մեկ տպավորիչ նրբություն. Ղարաբաղում, նախկինում երեխաները երբ խաղում էին, բաժանվում էին «հայերի» և «թուրքերի», «բայց այժմ թշնամությունն այնքան լուրջ են ընդունում, որ այլևս այդպես չեն անում»:

Զեկույցում կան նաև այլ հետաքրքիր նրբություններ: Նշվում է, որ պատերազմի հավանականության վերաբերյալ հոռետեսությունն ավելի մեծ է այն մարդկանց շրջանում, որոնք մոտ են ապրում Ադրբեջանի սահմանին կամ Ղարաբաղին, քան հեռու ապրողների մոտ: Չնայած հայերի մեծ մասը չի պաշտպանում ԼՂ կարգավորման ռազմական ճանապարհով լուծումը, այնուամենայնիվ այդ տարբերակի ջատագովները հիմնականում 18-24 տարեկան երիտասարդներն են կամ 45-54 տարիքային խմբում գտնվողները, որոնք մասնակցել են 1991-1994թթ. պատերազմին:

Հոռետեսության մեկ ազդեցություն. Ղարաբաղում և Հայաստանի՝ Ադրբեջանին հարող տարածքներում մարդկանց արտագաղթն ավելի շատ է, քան մյուս շրջաններում: Բայց այս հարցում խառը զգացողություններ են առաջ գալիս, նկատում են զեկույցի հեղինակները: «Լեռնային Ղարաբաղը լքելը հնարավորություն է բարելավելու կենսամակարդակը, կամ գոնե նվազագույնի հասցնելու ռիսկերը: Այնուամենայնիվ, քանի որ Լեռնային Ղարաբաղում զորակոչը պարտադիր է, տղամարդկանց հեռանալը հաճախ հավասարվում է դասալքության հետ: Անկախ սեռից՝ մարդիկ, որոնք արտագաղթում են, զգում են՝ ասես բոլորին դավաճանում են»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728