ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գեւորգ Հայրապետյանի տվյալներով, 2016 թվականի համեմատ 2017-ին կրկնապատկվել է անձնական տվյալների ապօրինի օգտագործման դեպքերով հարուցված վարչական վարույթների թիվը:
«Սա նշանակում է, որ մարդկանց իրավագիտակցությունը, տեղեկացվածությունը անձնական տվյալների մասին բարձրացել է »,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Գեւորգ Հայրապետյանը:
Ըստ «Իրավունքների զարգացման կենտրոն» հ/կ նախագահ Վիոլետ Զոփունյանի՝ առողջական տվյալների անվտանգության պաշտպանվածության վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է: Ըստ նրա՝ մենք ակնհայտ խախտումներ կարող ենք տեսնել ամեն օր լրատվամիջոցներով. «Նշված են անձի տվյալներ, թե ինչ ախտորոշմամբ որ բժշկական հաստատությունն են տարել, բայց արդյոք հարցրել են այդ մարդուն, թե նման տեղեկատվությունը կարելի՞ է հրապարակել, թե՞՝ ոչ»:
Փորձագետի խոսքով, օրենքում հատուկ կատեգորիայի մեջ են ներառված առողջական վիճակի մասին տվյալները, ունենք այլ օրենսդրական կարգավորումներ այս մասով նույնպես. «Անձի նույնիսկ բժշկական հաստատություն դիմելու փաստը համարվում է բժշկական գաղտնիք, էլ չենք խոսում, ախտորոշման, հետազոտման մասին, որոնք գաղտնի տեղեկություններ են»:
Վիոլետա Զոփունյանի խոսքով, քրեական պատասխանատվություն է նախատեսված բժշկական գաղտնիքի բացահայտման համար:
Անդրադառնալով էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգին ու դրա շրջանակում անձնական տվյալների պաշտպանությանը՝ փորձագետն ասաց, որ իրավական հիմքեր չունեն, թե ինչպես պետք է ծրագիրն աշխատի, ինչպես պետք է հավաքագրեն տվյալները, ով պետք է թույլտվությունը տա. «Նախորդ տարվա հոկտեմբերից ծրագիրը բոլոր բուժհաստատություններում կա, հավաքագրված տեղեկատվությունն արդեն կա…բայց որեւէ իրավական կարգավորում չունենք՝ այս պահին, թե ում է հասանելի պացիենտի պատմությունը, ինչպես պետք է շրջանառվի այն բուժհաստատության ներսում ու դրսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի