Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային կառույցներն անցնելու են վարչապետի ենթակայությանը (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 14:36

Սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման համակարգում մի շարք փոփոխություններ են տեղի ունենալու. Ըստ այդմ, որոշ գերատեսչություններ անցնելու են վարչապետի վերահսկողության տակ:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե որ ուժային կառույցներն են անցնելու վարչապետի վերահսկողության տակ: Ամբողջովին խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո վարչապետի ենթակայությանն են անցնելու ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, վերահսկողական ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

Արդյոք ուժային կառույցների՝ վարչապետի ենթակայության տակ անցնելը չի՞ նշանակում, որ վարչապետը գործող նախագահ Սերժ Սարգսյանը կլինի, այս հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Եթե դուք ուսումնասիրեք դեռեւս նախագահ Քոչարյանի օրոք ընդունված հրամանագիրը, համաձայն դրա ոստիկանությունը համարվում էր կառավարությանը ենթակա մարմին, ապա դիտարկելով այդ հրամանագիրը՝ կտեսնեք կարեւոր մի նախանշան՝ այդ ժամանակ արդեն ասվում էր, որ պետք է քայլ կատարվի դեպի անձնական պատասխանատվության կառավարության անդամների՝ մինչեւ ամբողջովին անցնելը այդ համակարգի, ոստիկանությունը գործելու է որպես կառավարությանն առընթեր մարմին: Երկրի զարգացումը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի համար: Կամ վարչապետ կամ փոխվարչապետ պետք է անձնական պատասխանատվություն կրեն, սա բարձրացնում է համապատասխան ծառայությունների որակը եւ հանրային հաշվետվողականությունը: Ոստիկանության համար պատասխանատու է վարչապետը, ոչ թե կառավարությունը»:

Մանրամասն՝  տեսանյութում

Պարոն Հարությունյանն ասաց, որ նշված ուժային կառույցների համար քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանում կրելու է վարչապետը, ըստ նոր Սահմանադրության:

Արդյոք այս առումով Սերժ Սարգսյանի գործոնը հաշվի առնվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Վարչապետի թեկնածուի հարցը ենթակա է քննարկման կուսակցության կողմից: Եվ երբ պատրաստ կլինենք՝ այդ մասին կհայտնենք»:

ՀՀԿ-ի ՝ վարչապետի հիմնական թեկնածուն համարվում է Սերժ Սարգսյանը, կարելի՞ է ենթադրել, որ այս փոփոխությունները «կարվում են» Սարգսյանի համար, այս հարցին էլ ի պատասխան Հարությունյանն ասաց. «Չի կարելի ենթադրել, հակառակ պարագայում իմաստ չէր ունենա սահմանադրական փոփոխություններ անել: Այսօր բոլոր ուժային կառույցները ենթարկվում են հանրապետության նախագահին: Հարցերը կանոնակարգվում են ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ նախագահը ընտրվելուց հետո 5 տարի պաշտոնավարում է անփոփոխ: Անցումը խորհրդարանական կառավարման ենթադրում է, որ վարչապետը կարող է փոփոխվել եթե ԱԺ մեծամասնությունը համարի դա անհրաժեշտ: Վարչապետը կրում է անձնական պատասխանատվություն այդ աշխատանքի համար: Ասացեք խնդրեմ՝ այսօրվա դեռեւս գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը ունի՞ պատասխանատվություն ուժային կառույցների աշխատանքների համար: Սկզբունքորեն ունի եւ որեւէ մեխանիզմ չկա, որովհետեւ նախագահն ընտրվում է 5 տարի անփոփոխ ժամկետով: Վարչապետը՝ ոչ: Այնպես որ, եթե մենք նպատակադրվեինք «կարել» որեւէ համակարգ այս կամ այն անձի համար, եթե նման սխալ դրդապատճառներ ունենայինք՝Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728