Փետրվարի 22-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախաձեռնել է լսումներ Սումգայիթյան ջարդերի 30-ամյակի հետ կապված:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախաձեռնել են Սումգայիթյան ջարդերի 30-ամյակին նվիրված ԱԺ հայտարարության նախագիծ, որին ցանկալի կլինի միանան բոլոր խմբակցությունները:
Իսկ լսումներին հրավիրել են բավականին լայն քաղաքական, հասարակական շրջանակ, լինելու են ջարդերը վերապրած մարդիկ, դեսպանատների ներկայացուցիչներ:
ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ լսումները անհրաժեշտ են, քանի որ խոսքը ոչ միայն առանձին վերցրած սումգայիթյան ջարդերի մասին է, այլեւ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության շարունակականության. «2016-ի ապրիլին էլ դիվերսիոն ասկյարները մարդկանց պարզապես ֆիզիկական կտտանքների էին ենթարկում եւ սումգայիթյան ջարդերը, որպես մեկ օղակ, գալիս են ապացուցելու, որ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց, որ երկար ժամանակ է քաղաքական օրակարգում պատշաճ կերպով չեն անդրադառնում սումգայիթյան ջարդերին՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսեւորում. «Ադրբեջանի նման ռազմատենչ անհանդուրժողական քաղաքականության պարագայում վտանգված է հայ ժողովրդի գոյությունն իր պատմական տարածքներում, կարելի է ասել՝ երկու հայկական պետականությունների շրջանակներում, որը թելադրում է նաեւ հստակ քաղաքական գնահատական: Իհարկե, ինքնորոշման իրավունքը գերակա իրավունք է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն հետ կապված, բայց այդ իրավունքը նաեւ կարող է ամրապնդվել հայերի նկատմամբ ունեցած ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով, որը դեռ Խորհրդային Ադրբեջանից սկսած՝ կյանքի են կոչում ադրբեջանական իշխանությունները»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ այս լսումները կազմակերպում են, որ եւս մեկ անգամ ամրապնդեն խնդրի քաղաքաիրավական գնահատումն ու խնդրի գիտակցումը. «Չմոռանանք, որ եւ եվրոպական, եւ ռուսական, եւ ամերիկյան քաղաքական շրջանակներն այս 30 տարվա մեջ փոխվել են: Եկել են նոր մարդիկ, նոր դեմքեր, որոնք այդքան լավ տեղեկացված չեն խնդրից եւ մեր պարտքը պետք է լինի մշտապես պահել այս խնդիրները օրակարգում եւ չմտածենք հանկարծ, որ բոլորն արդեն գիտեն ով է արդարը, ով է ճիշտը եւ ինչ է եղել: Կա նաեւ տեղեկացված չլինելու խնդիրը»:
Աշոտյանն ասաց, որ միշտ զոհ լինելու բարդույթի շրջանակներում չպետք է կառուցենք մեր քաղաքական գործողությունների ծրագիրը. «Ոչ, մենք զոհ չենք, բայց դարձել ենք հայատյաց քաղաքականության զոհ եւ այդ զոհ դառնալով հանդերձ վերապրել ենք եւ ստեղծել ենք առնվազն երկու պետականություն, հետեւաբար այս տրանսֆորմացիան պետք է ունենա քաղաքական եւ իրավական դրսեւորումներ եւ այս խնդիրը գալիս է նաեւ որոշակի քաղաքական հետեւություններ ունենալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ