Այսօր կառավարության նիստում կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին եւ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքների նախագծերը հավանության արժանացան, դրանք կուղարկվեն Ազգային ժողով: Վարչապետի նստավայրն, ըստ այս որոշման, լինելու է նախագահի ներկայիս նստավայրը՝ Բաղրամյան 26-ը, իսկ նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարության ընդունելության տունը:
Այսօր լրագրողները Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նախագահական նստավայրի փոփոխումը չի՞ կանխորոշում այն սցենարը, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը, իսկ Սահմանադրությունն ու օրենքները փոխվեցին, որպեսզի նրա կառավարումը երկարացվի: Այս առնչությամբ նախարարը պարզաբանեց.«Ենթադրենք, դուք եք ընտրվել վարչապետ եւ ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ եւ որոշում է չշարունակել իր պաշտոնավարումը: Այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը շենք է, որը հատուկ հարմարեցված է եւ ծառայում է մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Դա է պատճառը, որ Բաղրամյան 26-ը, կապ չունի, որ թեկնածուն Սերժ Սարգսյանն է կամ որեւէ այլ անձ, նախատեսվում է որպես վարչապետի մշտական նստավայր եւ դա ամենեւին չի կանխորոշում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ