Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Շատերը շարունակում են ԱԺ-ն համարել կառավարության կցորդ» (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 14:05

Օրեր առաջ կառավարությունը մերժել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: Այն վերաբերվում էր հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի ընտանիքների նկատմամբ աշխատանքային արտոնություններին: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց՝ այդ շերտի նկատմամբ պետության ուշադրության պակաս կա: Առհասարակ, նկատում է, որ վերջին տարիներին պետություն-քաղաքացի հարաբերությունները գտնվում են միայն քաղաքացու պարտավորությունների տիրույթում: Իրենց նախագծի մերժման կառավարության պատճառաբանությունն այս է`ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսում են փոփոխություններ, որոնք ընդգրկում են նաեւ այդ խավի իրավունքները: Ասել են, կանդրադառնան այդ հարցին էլ: Պատճառաբանությունը պատգամավորը հիմնավոր չի համարում. Եթե կա կոնկրետ խնդիր, պետք է կոնկրետ լուծել, ոչ թե գլոբալ փոփոխությունների սպասել:

Մանրամասները`տեսանյութում

Բայց, քանի որ կարեւորում են խնդրի լուծումը, եկել են համաձայնության`երկու ամսով առկախել են իրենց նախագիծը: Նաեւ պայմանավորվել են, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է քննարկման դնի ավելի բովանդակային նախագիծ, ավելի ընդարձակելով շահառուների կազմը: Հակառակ պարագայում, իրենք կպնդեն իրենցը: Ասում է`սա նվազագույնն է, որ իրեն սոցիալական հռչակող պետությունը պետք է անի եւ հավելում, որ դա բխում է նաեւ ազգ-բանակ գաղափարից:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ նկատում է`այսօր գործնականում կենսագործված չէ խորհրդարանական պետություն գաղափարը. «Շատերը շարունակում են ԱԺ-ն համարել կառավարության կցորդ եւ կարծում են, որ պետք է անեն այն, ինչ կառավարությունն ուզում է»: ՀՀԿ-ին հիշեցնում է`մեկուկես ամսից թեւակոխելու ենք խորհրդարանական կառավարման համակարգ եւ խորհրդարանը պետք է ավելի բարձր լինի իր դիրքով ու թույլ չտա, որ կառավարությունն իր կամայականությունն իրականացնի: Ասում է առ այսօր կառավարությունը չի կարողացել ապացուցել, որ իր նախաձեռնած փոփոխությունները ժողովրդին են ծառայեցնում: Օրինակներ է բերում, այդ թվում նաեւ նոր ընդունված Հարկային օրենսգիրքը, որը էլ ավելի է մեծացնում հարկային բեռը: Միեւնույն է, ինքը լիահույս է, որ կառավարությունը կփոխի իր գործելաոճը:

Նկատեցինք`ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է, ինքն էլ կառավարություն է ձեւավորելու, ինչո՞ւ նոր ձեւավորվող կառավարությունը չպետք է իր քմահաճույքները շարունակի: «Ես երբեք ժողովրդին մեղադրելու գործելաոճ չեմ ընտրել, բայց քաղաքական այդ մեծամասնությունը կատարվել է ժողովրդի ընտրության արդյունքում: Ժողովուրդը պետք է կանխատեսեր այս իրավիճակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Դիտարկմանը, որ այդ ձայները գնվել են, պատգամավորը հակադարձեց. «Ես այդպիսի հայտարարություններ չեմ կարող անել, նման հիմքեր չունեմ: Համենայնդեպս, ժողովուրդը ձեւավորել է իշխանություն եւ ընդդիմություն, մեզ մնում է օրենքների շրջանակներում պայքարել իշխանության կամայականությունների դեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728