Այսօր լրագրողների հետ զրույցում մենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ ԱՄՆ-ն Կրեմլյան զեկույցը հրապարակեց, որտեղ հայազգի գործարարների՝ Սամվել Կարապետյանի, Դանիել Խաչատուրովի անունները կան, այստեղ Հայաստանն անելիք ունի՞, դա ինչքանո՞վ մեզ կվնասի: Նա պատասխանեց. «Բնական է, որ Հայաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման պետություն է, ոչ թե հակադրությունների: Ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան տնտեսական եւ քաղաքական բախումներից մենք չենք շահում ե՛ւ տնտեսական առումով, ե՛ւ քաղաքական առումով: Աշխարհը չի շահում, որովհետեւ լրացուցիչ գլոբալ մարտահրավերներ կան եւ անվտանգային, եւ տնտեսական կայունության: Այդ ցուցակը, որը հրապարակվեց ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, արդեն բուռն քննարկման առարկա է ՌԴ-ում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք դրանից, որ մեր հայրենակիցներն այդ ցուցակի մեջ ներգրաված են, հատկապես որ հայտնի չէ եւ այս պահին հասկանալի չէ, թե այդ ցուցակի մեջ ներգրավումն ինչ հետեւանքներ է ունենալու, որովհետեւ ցուցակի անվանական կազմը չի ենթադրում այս պահին որեւէ իրավական հետեւանք: Ինչպես ամերիկացիք են հայտարարել՝ այդ ցուցակը սանկցիոն չէ եւ չի նշանակում, որ ցուցակում բոլորը մեղավոր են կամ սանկցիաների՝ պատժամիջոցների մեջ են»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ բոլոր դեպքերում մեր այն հայրենակիցները, քաղաքացիները, որոնք կարող են հայտնվել ծանր կացության մեջ՝ անկախ նրանից, որ Forbes-ի 500-ի մեջ են, թե պարզապես շարքային քաղաքացիներ, որոնք այդ կարողությունները չունեն, պետությունն իրեն հասանելի գործիքներով կարող է պաշտպանական մեխանիզմներ իրականացնել մեր հայրենակիցների նկատմամբ, բայց ոչ այս դեպքում. «Սա այդ դեպքը չէ, վստահ եմ, որովհետեւ այն քաղաքական շրջանակը, որ այսօր ստեղծված է այդ հարցի շուրջ, դեռեւս չի բյուրեղացրել հետեւանքները: Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից: Փառք Տիրոջը, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են, այսինքն, Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասելու, որ արցախյան հակամարտությունն այն եզակիներից է խորհրդային տարածքում նաեւ այն առումով, որ գերտերությունների շահերը համընկնում են խաղաղ կարգավորման, բռնի ուժի չգործադրման, սկզբունքների հետ կապված եւ Հայաստանը պետք է շարունակի այս օրակարգով սեփական, ազգային շահերը առաջ մղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ