Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործի նյութերի 65 000 թերթից 20-ն է վերաբերում Կարո Եղնուկյանին». փաստաբան (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 13:38

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդեց փոփոխել գործում առկա ապացույցների հետազոտման կարգը եւ սկզբում հետազոտել Կարո Եղնուկյանին առնչվող ապացույցները եւ նյութերը:

«Գործի նյութերը կազմում են 120 հատոր, այսինքն՝ 65 000 էջ, որոնցից մոտ 20 թերթն է վերաբերում Կարո Եղնուկյանին: Այլ է հարցը, որ դրանք էլ չեն հիմնավորում նրան առաջադրված մեղադրանքը: Այդ մի քանի թերթը մի քանի ժամում կարելի է ավարտել, իսկ նրա մասով մեկ վկա կա՝ Մաքսիմ Սարգսյանը: Եղնուկյանին առնչվող նյութերի հետազոտումից հետո էլ տեղին չի լինի պնդումը, թե Եղնուկյանը կարող է խոչընդոտել ապացույցների հետազոտմանը: Այդ ժամանակ կարող եմ արդեն ներկայացնել միջնորդություն՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Հակառակ դեպքում կստացվի, որ Եղնուկյանը երեք տարի պետք է լսի 65 000 թերթ ապացույցների հետազոտումը»,-հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:

Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ ասելով, որ ապացույցների հետազոտման կարգն արդեն իսկ սահմանվել է դատարանի կողմից, ուստի կարգը փոփոխելը կխախտի գործընթացը: Դատախազներից Հակոբ Ենոքյանը նշեց. «Չի կարելի ասել, որ Եղնուկյանին են վերաբերում միայն նշյալ թվով ապացույցները: Այնպես չի, որ նրան առաջադրված մեղադրանքն արմատապես տարբերվում է մյուսների մեղադրանքից»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց Հայրապետյանի միջնորդությունը մերժել՝ հետեւյալ հիմքով. «Ցանկացած ապացույց եթե հետազոտում ենք, դրա վերաբերյալ իրավաբանական գնահատական կարող ենք տալ միայն բոլոր ապացույցները հետազոտելու ավարտին՝ դրանց համադրության մեջ»: Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728