«Այս ցուցակը չի ենթադրում պատժամիջոցներ: Սա նվեր է Պուտինին, նրա վարկանիշն ընտրությունների նախօրեին էլ ավելի կբարձրանա»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույցում» ներառված մոտ հարյուր ռուսաստանաբնակ միլիարդատերերի ցուցակին՝ եւ դրա՝ Հայաստանի վրա ունենալիք ազդեցության մասին հարցին:
Պարոն Մարգարյանի կարծիքով՝ որոշակի ռիսկեր կոնկրետ Հայաստանի մասով կարող են առաջանալ: Նա այս առիթով մանրամասնեց. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտաքին ներդրումների վերջին 25 տարիների առյուծը բաժինը ռուսական կապիտալի ներդրումներն են. դրանք են էներգետիկ, կապի, հեռահաղորդակցության, ռազմաարդյունաբերության ոլորտները: Բայց կան հեռահար, երկարաժամկետ ծրագրեր: Ուստի դա կարող է որոշակիորեն ավելացնել ռիսկերի մակարդակը: Բայց մյուս կողմից, եթե ՌԴ-ի համար փակվում են եվրոպական շուկաներն ու բորսաները, կապիտալը կարող է զետեղվել երրորդ երկրների շուկաներում, այդ թվում նաև Հայաստանում»:
Այս դիտարկումներին այսպես արձագանքեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Դեռ օֆշոր չենք, որ գան»:
Պարոն Սարգսյանի բնութագրմամբ՝ «կրեմլյան զեկույցում» վերցրել ներգրավել են «Ֆորբս» ամսագրում ներգրավված հարուստների ցուցակը: Արամ Սարգսյանը հարց բարձրացրեց՝ իսկ ո՞ւր են ամերիկացի մեծահարուստները: Արամ Սարգսյանի կարծիքով նման ցուցակներ հրապարակելով՝ Թրամփն առաջին հերթին ներքաղաքական հարցեր է լուծում. «Սա անհեթեթ մի քարոզարշավ է, որը պետք է ավարտվի: Թիրախը վերցված է Ռուսաստանը: Այստեղ հարց է առաջանում ՝ երբ գրում են, թե Ռուսաստանն ու Չինաստանն իրենց հակառակորդն են, ապա Չինաստանի՞ նկատմամբ ինչու չեն ներկայացնում նման ցուցակ: Խնդիրն այն է, որ եթե մեղադրեն Չինաստանին, ապա նա իր ունեցած՝ մի քանի տրիլիոն դոլարի թուղթը կհանի շուկա, ինչի պատճառով լուրջ իրավիճակում կհայտնվի դոլարը»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ սա տեղեկատվական պատերազմ է, և ԱՄՆ-ն վախենում է Ռուսաստանի հզորացումից. «Ռուսաստանը ռազմաքաղաքական տեսանկյունից հզորացավ, և Ամերիկան հասկացավ, որ նա դառնում է ոչ թե մրցակից, այլ հակառակորդ»:
Այն, որ հայ գործարարները ևս ներգրավված են այդ ցուցակում, ըստ Արամ Սարգսյանի՝ դժվար թե բացասական ազդեցություն ունենա ՀՀ-ի վրա. «Գալիցկին ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ. նա զուտ Ռուսաստանի բիզնեսմեն է, Խաչատուրովը «Ռոսգոսստրախի» սեփականատերն է, որը ոչ մի հետք չի թողել Հայաստանում՝ բարեգործության առումով, Սամվել Կարապետյանը կայացած բիզնեսմեն և անձնավորություն է: Սա ամբողջովին հակառուսական քարոզարշավ է»:
Ատոմ Մարգարյանը հիշեցրեց՝ 2017-ի ապրիլին «Ֆորբս» ամսագրում 96 գործարարներ են եղել, նաև մեր հայրենակիցները, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը, որ 99-րդն էր: Այնուհետև տնտեսագետը հեգնեց՝ ինչո՞ւ նա չկա ռուսական ցուցակում, թե՞ 990 միլիոն ունի, ոչ թե մեկ միլիարդ, դրա համար. «Այս ցուցակը Թրամփին հնարավորություն է տալիս ձերբազատվել այն բարդույթներից, որոնք մեկ տարի չի կարողանում հաղթահարել: Սովորաբար պառակտումը վերականգնելու հետընտրական սինդրոմը ընտրություններից հետո մեկ-երկու ամիս է տևում, բայց ԱՄՆ նախագահն այդ խնդիրը մինչև հիմա ունի: Հենց դա էր պատճառը, որ ցուցակի հրապարակումից հետո միավորվելու հայտարարությամբ հանդես եկավ»:
Անդրադառնալով դիզվառելիքի թանկացումներին ՝ Ատոմ Մարգարյանն ասաց, որ պետք է վերահսկել շուկաները, և ներկրող ընկերությունները պարտավոր են նույնիսկ օնլայն գնագոյացման ողջ շղթան ներկայացնել, որ մարդիկ տեսնեն՝ որքանով են հիմնավորված ծախսերը:
Արամ Սարգսյանի պնդմամբ՝ թանկացումներն ամենեւին էլ հիմնավորված և անխուսափելի չեն: Ըստ նրա՝ դա արվում է վերին իշխանության «դաբրոյով». «Մոնոպոլ օգտագործում են, և սրանից վերին իշխանության բոլոր օղակները տեղյակ են ու հովանավորում են: Սա այն ոլորտը չէ, որ երեք հոգին որոշեն՝ ինչ անել: Երբ կարելի էր իջեցնել նավթի գինը 100-120 դրամով, չարեցին, ուրեմն կնշանակի՝ ստացել են համապատասխան դաբրոն: Հիմա էլ չեն իջեցնում, քանի որ դրանից գերշահույթ են ստանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ