Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին նվիրեց իր հեղինակած գիրքը՝ «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» վերնագրով:
Ուշագրավ է, որ Գեղամյանն ասաց, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը ցավոք այդ գիրքը առաջինը նրան է նվիրել՝ Աշոտյանից առաջ ու այդտեղ սխալվել է, առաջինը պետք է հանձնաժողովի նախագահին տար. «Փոքր-ինչ սխալ էր իմ կողմից, ես իմ սխալն ուղղում եմ»: Նա ասաց, թե ինչ աշխատանք է կատարել, գրքի 638 էջից քանի էջն է լուսանկար եւ հանդիսավոր, ծափերի ներքո նվիրեց:
Աշոտյանը, վերցնելով գիրքը՝ կատակեց. «Հուսով եմ հայտարարագրելու կարիք չկա եւ հանձնաժողովի մյուս անդամներն իրենց օրինակը կստանան շատ շուտ»:
ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ կատակեց. «Եթե տառերը ոսկուց չեն, կարիք չկա հայտարարագրել»: Գեղամյանն էլ ուղղեց. «Բովանդակությունն է տեղով մեկ ոսկի, բայց դե ոչինչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ