«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պնդմամբ՝ «ՀՀ նախագահ դառնալու մտադրություն ունեցող» Արմեն Սարգսյանն ինքն է հայտարարել, որ առաջադրումից առաջ մտադիր է հանդիպել խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, գիտակրթական, մշակութային շրջանակների հետ եւ ստուգել տրամադրությունները: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում Գեւորգ Պետրոսյանը պատասխանելով հարցին`ե՞րբ է նախատեսվում Արմեն Սարգսյանի եւ «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը՝ ասաց. «Ինքը պետք է նախաձեռնի այդ հանդիպումը: Առայժմ այդպիսի հանդիպում չի եղել»՝ հավելելով`երբ լինի`դրանք գաղտնի չեն մնա:
Լրագրողները հետաքրքվեցին`ի՞նչ հարցեր ունեն դաշինքի անդամները Արմեն Սարգսյանին: Գեւորգ Պետրոսյանն ասաց`հարցերը պայմանավորված են իր ասելիքով:
Մանրամասները` տեսանյութում
Հարց հնչեց նաեւ`ո՞ր պարագայում ինքը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը, քանի որ ՀՀԿ-ի 14 քվե է անհրաժեշտ լինելու իր թեկնածուին անցկացնելու համար: Գեւորգ Պետրոսյանը ձեռնպահ մնաց անձնական կարծիք հայտնելուց: Ասում է` կոռեկտ չէ. «Դաշինքում քննարկում չի եղել, մենք դեռ չենք հստակեցրել պայմանները, որոնց առկայության կամ բացակայության պարագայում կողմ կամ դեմ կքվեարկենք որեւէ թեկնածուի»: Լրագրողը նկատեց`վարչապետի պարագայում ասում եք`եթե կհամընկնի մեր ծրագրերին: Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց` նախագահի գործառույթներն այլ են, հիմնականում արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված. «Ուստի մինչեւ նրան չլսենք, չիմանանք իր ծրագրերն ու պատկերացումները, չենք կարող հստակ հայտարարություններ անել»:
Գեւորգ Պետրոսյանն Արմեն Սարգսյանին անձամբ չի ճանաչում, ոչ մի բացասական բան չի կարող ասել նրա մասին եւ կարծում է, որ սա այն դեպքն էլ չի, երբ անձի մասին դատողություններով պետք է առաջնորդվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ