Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ անգամ չեմ բավարարի, կկարոտես, եղա՞վ». Արտուշ Գաբրիելյանը՝ «Սասնա ծուռին» (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 12:44

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական կողմի միջնորդությամբ ամբաստանյալները վերադարձվեցին նիստերի դահլիճ: Նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էին մի քանի ժամով:

«Տխրեցի, պարոն Գաբրիելյան, կարծեցի, թե դուք եք մեզ խնդրել գալ, բայց պարզվեց՝ մեր պաշտպանների միջնորդությունն եք բավարարել: Կարոտել էի»,-բերվելով նիստերի դահլիճ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ասաց ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը: Արտուշ Գաբրիելյանն էլ կատակեց. «Հաջորդ անգամ չեմ բավարարի, կկարոտես, եղա՞վ»:

Ապա միանգամից 9 ամբաստանյալի համար հանրային պաշտպան նշանակված Անուշ Մխիթարյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին միջնորդեց դադարեցնել իր լիազորություններն ամբաստանյալ Վարդգես Գեւորգյանի (լուսանկարում) մասով, քանի որ, Մխիթարյանի խոսքով, նրա եւ մյուս ամբաստանյալների շահերի բախման խնդիր կա: Պայմանագրային պաշտպանները միացան միջնորդությանը:

Վերջինիս առնչությամբ կարծիք հայտնելիս ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, չգիտես ինչու, Էրդողանի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին սկսեց խոսել:

Ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանն էլ խոսեց, բայց ոչ թե միջնորդության մասին, այլ դժգոհեց, որ «Սասնա ծռերի» գործը երեք անջատ մասով է քննվում:

Հատկանշական է, որ դատավորն ամբաստանյալներին, այդ թվում՝ պատկառելի տարիքում գտնվող Գիչյանին «դու»-ով է դիմում: Իսկ երբ Գիչյանի պաշտպանը վերջինիս ինչ-որ բան էր ասում, Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Որ հուշում ես, իբր հասկանո՞ւմ է»:

Ինքը Վարդգես Գեւորգյանը միացավ միջնորդությանը, սակայն դատավորը նրան ընդհատեց. «Քեզ պետք ա՞, խոսում ես, միանգամից ասա՝ միանում եմ, էլի…»:

Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ նկատելով՝ հասկանալի չէ, թե ինչ հակասության մասին է խոսքը: Դատավորը միջնորդությունը մերժեց:

Պայմանագրային պաշտպանների եւ Արտուշ Գաբրիելյանի միջեւ հերթական բանավեճը տեղի ունեցավ այն հարցի շուրջ, որ ամբաստանյալները պայմանագրային պաշտպաններ ունեն, մինչդեռ դատավորը նրանց համար նաեւ հանրային պաշտպաններ է նշանակել: Դատավորն էլ պնդեց, որ դա օրենքի շրջանակում է եւ ակնարկեց, որ «ժամավաճառությամբ զբաղվելը» խոչընդոտում է գործի քննության ողջամիտ ժամկետներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728