Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք մեր հին պրոթեզներն ենք ուզում, ISO ստանդարտով չենք ուզում» (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 12:24

Այս պահին կառավարության շենքի առաջ հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ պահանջելով չփակել այն կազմակերպությունը, որն իրենց պրոթեզներ է մատակարարում: Քաղաքացիները միկրոավտոբուսներով եկել էին Շամշադինից, Վարդենիսից եւ այլ բնակավայրերից:

Բանն այն է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մրցույթ է հայտարարել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզները մատակարարվեն ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերությունների կողմից, որպեսզի դաշտում մենաշնորհ չլինի, ինչպես եղել է մինչ այդ: Սակայն այժմ օրենքի պահանջն է, որպեսզի մի քանի կազմակերպություն այս ծառայությունը մատուցեն: Մրցույթին հայտ են ներկայացրել երկու ընկերություն՝ «Ինտերօրթո» եւ «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ն:

Քաղաքացիները, որոնք բողոքում են մրցույթի դեմ, նշում էին, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի այլ կազմակերպության ծառայություններից օգտվեն: Նրանք մտավախություն ունեն, որ իրենց տարիներ շարունակ պրոթեզով ապահոված «Ինտերօրթո» ընկերությունը, որը դաշտում միակն է եղել, կփակվի:

«Մենք մեր մասնագետներին ենք ուզում, մենք մեր բժիշկներին ենք ուզում: Մեզ ոչ մի այլ կազմակերպության պրոթեզ պետք չէ»,- այսպես էին հակադարձում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Կեսոյանին, որը այդ թեմայով «Արմենպրեսում» ասուլիս տալուց հետո եկավ կառավարության շենքի մոտ, որպեսզի պատասխանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:

Եվ որքան էլ պարոն Կեսոյանը վստահեցնում էր, որ «Ինտերօրթո» կազմակերպությունը չի փակվելու, պարզապես ծառայությունների մի մասը նրանք են մատուցելու, մյուս մասն էլ՝ այլ կազմակերպություն, քանի որ դա օրենքի պահանջ է, միեւնույն է, քաղաքացիները անդրդվելի էին: Նրանք պնդում էին, որ իրենց տրամադրվելու է չինական ծագման կամ այլ երկրի ոչ որակյալ պրոթեզներ:

Եվ որքան էլ Արթուր Կեսոյանը բացատրում էր, որ մրցույթի պահանջներով սահմանված է, որպեսզի հայտ ներկայացրած կազմակերպությունները պետք է ունենան կամ աշխատեն ISO ստանդարտներով եւ ապրանք մատակարարեն չափորոշիչներին համապատասխան, քաղաքացիները պնդում էին, որ իրենք նախընտրում են նախկին որակի պրոթեզները:

Մրցույթը կամփոփվի փետրվարի 6-ին, որից հետո պարզ կլինի, թե այդ երկու ընկերությունները համապատասխանո՞ւմ են մրցույթի պահանջներին եւ կարո՞ղ են արդյոք ISO չափանիշներով ծառայություն մատուցել:

Արթուր Կեսոյանի խոսքով՝ եթե պարզվի, որ ընկերությունը հայտ է ներկայացրել, սակայն չունի ISO չափորոշիչներ, ապա կընկնի «սեւ ցուցակ» եւ մի քանի տարի իրավունք չի ունենա մասնակցելու այդպիսի մրցույթների:

Նշենք, որ տարեկան պետությունը 600 մլն դրամ է հատկացնում հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորման համար, տարեկան 6-7 հազար հաշմանդամություն ունեցող անձ պրոթեզի անհրաժեշտություն է ունենում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728