«Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին՝ 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադառնալով Դավոսի տնտեսական համաժողովին:
Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարներին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման ուղղությամբ եւ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել կառավարության աշխատակազմին:
Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարեց հնարավորինս մատչելի հաշվետվություններ ու ծրագրեր ներկայացնել հանրությանը. «Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը, հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ հաշվետվություններ»:
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նաեւ 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները:
«Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է: Թվեր, մաքսիմալ թվեր, պարզ հաշվետվողականություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ