Լրահոս
Օրվա լրահոսը

Լիազորությունների իրական շրջանակը

Փետրվար 01,2018 10:06

«Այո, կիրթ է, օժտված է բարձր ինտելեկտով, բազմաթիվ բնագավառներում խորը գիտելիքներ ունի, անկեղծ է, բայց…»: Այսպես է սկսվում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին վերջին օրերին տրվող գնահատականների մեծ մասը: Ամենահետաքրքիրը, սակայն, սկսվում է «բայց»-ից հետո: Բայց նա գիտի՞ հայաստանյան իրականությունը, նա հասկանո՞ւմ է, թե ուր է ընկել, նա կկարողանա՞, եթե պետք լինի, հակադրվել մեր գելուգազանին: Կկարողանա՞, ի վերջո, մի բան փոխել:

Նախ՝ փոխելու մասին: Հայաստանում տարածված մոլորություն կա, որ ինչ-որ մեկը կարող է գալ եւ ամեն մեկիս կյանքը փոխել, դարձնել բարեկեցիկ եւ երջանիկ: Սակայն այդպիսի «բարի կախարդներ» գոյություն չունեն: Նույն անիմաստ հարցը («նա կկարողանա՞ մի բան անել») ինձ տալիս էին նաեւ մեկուկես տարի առաջ, երբ վարչապետ էր նշանակվել Կարեն Կարապետյանը: Չեմ կարծում, որ նրա կառավարությունը ոչ մի լավ բան չի արել. իհարկե, կարող էր անել ավելին: Բայց երբ մարդը հարցնում է՝ նա մի բան կանի՞, նկատի ունի կյանքի ինչ-որ ֆանտաստիկ, հեքիաթային վերափոխում, երբ այդ հարցը տվողը կսկսի ապրել մոտավորապես Սամվել Ալեքսանյանի կամ Գագիկ Ծառուկյանի նման, որովհետեւ «այդպես արդար է», իսկ մնացածը… դե, մնացածն իրենք գիտեն: Նման հրաշք ոչ մի վարչապետ չի կարող գործել:

Բայց երբ հիմա Արմեն Սարգսյանի մասին հարցնում են նաեւ՝ «նա հասկանո՞ւմ է, թե ուր է ընկել», գուցե ենթագիտակցաբար նկատի ունեն հետեւյալ՝ իրականում գոյություն ունեցող այլընտրանքը. կա՛մ դու խաղում ես Հայաստանի «վերնախավում» գոյություն ունեցող չգրված կանոններով եւ այդ դեպքում դառնում ես «նրանցից մեկը», կա՛մ էլ հրաժարվում ես խաղալ այդ կանոններով, եւ այդ դեպքում մեծ է վտանգը մարգինալ դառնալու կամ առնվազն մեկուսանալու: Իհարկե, այդ այլընտրանքին կարելի է շատ գեղեցիկ պատասխան տալ՝ «մեզանում պետք է միայն մեկ կանոն լինի՝ Սահմանադրությունը»: Բայց դա զուտ տեսական դատողություն է՝ Հայաստանում (եւ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանում) նախարարի վարորդը երբեմն կարող է ավելի շատ «հարցեր լուծել», քան նախարարը: Իրավասությունների, գործառույթների շրջանակը գծվում է ոչ միայն աշխատանքի պաշտոնական նկարագրությամբ, այլ նաեւ ուժերի առկա հարաբերակցությամբ:

Հետեւաբար Արմեն Սարգսյանի առջեւ կանգնած է դժվարին խնդիր՝ ձեռք բերել լիազորությունների այնպիսի շրջանակ, որպեսզի կարողանա իրականացնել իր բարի մտադրությունները, որոնց գոյությանը ոչ ոք, կարծես թե, չի կասկածում: Իհարկե, այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ պատշաճ տեղեկատվություն: Գուցե նաեւ ա՞յդ նպատակն ունեն նախագահի թեկնածուի հանդիպումները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. henri says:

    Նոյնիսկ եթէ այս բառամթերքով չեն խօսիր իր մասին- Դուք տուած էք իրական պատկերը – յարմար առիթ մըն է որ Նախագահը ելք մը որոճայ/քանի կրնայ/ դուրս գալու այս թնճուկէն բանեցնելով իր հեղինակութիւնը -Օրէնքները եղած են մարդու համար և ոչ մարդը օրէնքի համար ; և այս պարագային ազգն է որ կը շահի;

  2. gib.gibindus says:

    Մի բան, որ սկսվում է ստով և դատարկախոսությամբ, չի կարող հաջող վերջաբան ունենալ: Բացատրում եմ հերթով՝,
    ա/ հայտնի գիտնական, բարձր ինտելեկտ և այլ
    սուտ է, Ա. Սարգսյանը երբեք հայտնի գիտնական չի եղել, նույնիսկ միջին էլ չի եղել: Դա ստուգվում է շատ հեշտ: Ապագա նախագահը չի էլ փորձում հերքել այս անհեթեթ դրույթը գիտնական լինելու մասին: Եթե գիտությունից ոչինչ չհասկացող մի քանի լրագրող դասախոսություն կարդալը շփոթում են գիտության հետ՝դա դեռ բացատրություն չի: Գիտնական չի եղել և ինտելեկտով մարդը չի համաձայնվի իր մասին տարածվող սուտ գովեստի հետ:
    բ/ հայտնի դիվանագետ և այլ…
    Անհեթեթ պնդում: Ոչ միայ այն պատճառով, որ մենք արտաքին դիվանագիտություն չունենք: Հայ-մոնղոլական հարաբերությունների մակարդակը չի տարբերվում հայ-բրիտանականից: Միակ տարբերությունը նա է, որ ոչ մի դիվանագետ իր երեխաների համար չ խնդրել մոնղոլական քաղաքացիություն:
    Միակ դրական բանը, որ տեսնում եմ, դա Ա. Սարգսյանի պարսկահայկական-ղարաբաղյան ծագուն է՝նա բավարաում է նախորդ 3 նախագահներին:

  3. Ruben says:

    Եթե գողը տնից է՝ հարեւանի աչքը լույս:
    Երբեմն մարմնավաճառները դառնում են լավ կին, երբեմն հակառակը:

  4. Էդգար says:

    “կսկսի ապրել մոտավորապես Սամվել Ալեքսանյանի կամ Գագիկ Ծառուկյանի նման, որովհետեւ «այդպես արդար է», իսկ մնացածը… դե, մնացածն իրենք գիտեն:”

    Հարգելի Ա. Աբրահամյան, նախ ասեմ, որ չեմ ճանաչում այդպիսի մարդկանց իմ շրջապատում և չեմ կարծում, որ իրականության ճշգրիտ ու արդար նկարագրություն է: Թե ինչ նպատակ են հետապնդում այսպիսի աղավաղված նկարագրությունները, չգիտեմ.

    Արմեն Սարգսյանը ինձ դասավանդել է, կիրթ, հաճելի մարդ էր, սակայն համաձայն եմ նախորդ մեկնաբանի հետ, որ նրա գիտական նվաճումների մասին չկան փաստեր որևէ գիտական բազայում. Նաև իրեն է վերագրվում տետրիս խաղը, բայց վիքիպեդիան նրան որպես հեղինակ չի նշում. Իհարկե հրաշալի գործարար է, ինչպես և մեր մյուս իշխանավորները.

  5. Կարո Մելիքյան says:

    Այսօրվա փոփոխված սահմանադրությամբ, առավելագույնս սահմանափակ լիազորություններով
    Նախագահ՝կարող եինք նույնիսկ չունենալ,ինչ է՝ էտիկայի,օրինապաշտության դասեր է՞կարդալու…էնպես որ,ինչ ֆլա՜ն,ի՞նչֆստա՜ն…

  6. Լավատես says:

    Կոստանը շատ քաղաքավարի է վերաբերվում մկներին, որը չի խանգարում նրան ինչ այլանդակություն ասես չանի էդ խեղճ մկների գլխին, իսկ մկները խեղճ են, որովհետեւ նրանք կարծում են, որ Կոստանի կողմից ընտրյալ մկներն են մեղավոր իրենց վատ կյանքի համար: Ընտրյալ մկները, որոնք համոզված են, որ իրենք ավելի բարձր կարգի՝ համարյա Կոստանի մակարդակի քաղաքավարի կատու են, բայց հենց ընտրյալները իրենց գործն անում են ու էլ անելիք չունեն, Կոստանը նրանց թոշակի է ուղարկում, իսկ սկզբունքայիններին՝ հրապարակավ ոչնչացնում:

    Կարճ ասած, պետք է ստեղծել զուգահեռ ստվերային կառավարություն, Կոստանն ո՞վ դառավ, որ դրա լավ վերաբերմունքի հույսին մնանք՝ մտածեցին մկները ու գնացին էլի մտածելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728