Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանակում Վիգեն Սարգսյանի փոփոխություններն ունեն դրական ու բացասական կողմեր»

Փետրվար 01,2018 15:30

Ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Ադրբեջանը մեծ քանակությամբ
զենք է առնում ու թանգարանի նման շարում՝ չեն էլ տիրապետում

Դավոսում «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն ՌԴ-ից զենք գնելու հարցում որեւէ սահմանափակում չունի: Վերջին տարիներին Բաքուն Ռուսաստանից շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական, ու հիմա էլ, ըստ Ալիեւի, Բաքուն ու Մոսկվան համագործակցության նոր ծրագրեր են աշխատում իրականացնել:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ասաց. «Բիզնես է, Ռուսաստանն ունի ապրանք, նա ունի գումար, այդ գումարով էլ զենք է առնում: Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը, երբ Ուկրաինային զենք տվեցին, ասեց՝ լավ չի, որ հակամարտող երկրում՝ լարվածության գծում, զենք են տալիս, ասեց՝ չի կարելի նման բան անել, բայց ինքը, իմանալով, որ այստեղ նույնպես լարվածություն կա, անհասկանալի քայլեր է անում: Ռուսաստանի այդ քայլերը ես չեմ կարող հասկանալ ու տալ դրական գնահատական: Ես կարող եմ ասել, որ սխալ քայլեր է անում Ռուսաստանը, բայց մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ոնց որ զենքերի կոլեկցիա է հավաքում, այդ զենքերը միայն Ռուսաստանից չեն առնում, Պակիստանից են առնում, Իսրայելից են առնում, իրենք մի հատ զենքի թանգարան են սարքում: Գիտեք, երբ մարդիկ մի մեքենա են քշում, սկսում են կամաց-կամաց տիրապետել այդ մեքենային, իմանալ, թե որն է նրա թույլ ու ուժեղ կողմերը, ամենալավ տեղը:

Մի քանի տարի հետո նոր կարող ես տիրապետել մեքենային, որ իմանաս՝ ինչը տանես ռեմոնտի, սպասարկման, յուղը փոխես, թե ինչ անես: Ադրբեջանն այդ քանակության զենք ունի, իրենք էլ չեն իմանում, թե ինչի համար, չեն էլ տիրապետում: Միայն առել են ու թանգարանի նման շարել: Մյուս կողմից էլ՝ իրենք շատ մեծ հարցեր ունեն, պարտադիր չի, որ այդ զենքն ուղղեն մեր դեմ: Իրենք Թուրքիայի հետ ծրագիր ունեն, դա շատ լավ գիտենք, ունեն պրոբլեմ Իրանի հետ, կանաչ հեղափոխության գործողություններ են անում, կարող է այդտեղ էլ օգտագործեն զենքը»:

Հարցին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակում մի շարք փոփոխություններ է կատարել, ազգ-բանակ հայեցակարգն է առաջ բերել, Դուք առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունները, արդյունավե՞տ են իր քայլերը, Կոմանդոսը պատասխանեց. «Շատ են քննադատում, թե բանակը սա է, նա է, ու հիմա, որ փոփոխություններ են անում, էլի են քննադատում ու չեն հասկանում: Այդ փոփոխություններն ունեն դրական ու բացասական կողմ, բայց դրական կողմերն ավելի շատ են, բացասական կողմը մենք տեսնում ենք՝ ուսանողներն են այնտեղ պահում առաջին գիծը: Ուսանողը մեղավոր չի, պետք է իրենց հասկացնեն, թե ինչն ինչի համար է: Ես այդ ծրագրերին ծանոթ եմ, համաձայն եմ, որ մեր երկրում ով ապրում է՝ պետք է բոլորը ծառայեն: Մեր բանակը վերջիվերջո պետք է համալրվի, գիտեք, որ մեծ տոկոսը պայմանագրային են: Մենք այդ քայլերով ավելի ուժեղացնում ենք, ավելի պրոֆեսիոնալ ենք դարձնում: Հիմա նպատակն է առաջին գիծը պահել: Շատ մասնագետներ են եկել մեզ մոտ դրսից, նրանք հիմա աշխատում են, ասում են՝ պատրաստ ենք հայերը ինչ թույլ տեղ ունենան՝ ուժեղացնենք»:

Կոմանդոսն ասաց, որ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների արդյունքը միանգամից չենք տեսնի. «Վիգեն Սարգսյանը զինվորական չի, բայց իր գաղափարը տարբերվում է: Մենք՝ զինվորականներս, ուզում ենք, որ մեզ լավ զենք տան, տան, տան, տան, բայց այդ տալու հնարավորությունները պիտի հասկանանք: Մեր պետությունը չունի գումար, որ այդքան տա: Հիմա ինքը շատ ճիշտ ուղի է վերցրել, տալու հետ դրսից մասնագետներ են եկել, ամեն ինչ արվում է, որ ոչ թե զենք-զինամթերք միայն ունենանք, այլեւ որ զենք արտահանենք՝ գումար աշխատենք: Իր մոտեցումը այսօրվա մոտեցում է: Հիմա զինվորականը չի ամեն ինչ որոշում, որոշում է զինվորականի եւ քաղաքականության միացումը»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ Սեյրան Օհանյանն այն ժամանակ հի՞ն գաղափարներով էր, Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Չէ, Սեյրան Օհանյանն իր ժամանակի գաղափարներով էր, ինքը լավ աշխատում էր: Ես իր մարտական ընկերն եմ, իրեն շատ լավ գիտեմ ու լավ եմ գնահատում իր արած աշխատանքը, բայց՝ իր զինվորական գործողությունը, ոչ թե այսօրվա քաղաքականությունը: Դրա համար ես կարծում եմ, որ զինվորականն ու քաղաքականությունը տարբեր են»:
Ինչ վերաբերում է բանակում այսօրվա փոփոխություններին, Կոմանդոսն ասաց. «Մենք փոփոխություններ ենք ուզում, անում են, ու ոնց որ թե հլը չստացված այն արդյունքը, որը մենք պետք է ունենանք, ուժե սկսում ենք քննադատել: Ժամանակի ընթացքում պետք է գնահատվի, ինձ թվում է՝ արդյունք կտա»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

31.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728