Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորյանը պնդում է՝ ՊԵԿ-ում կոռուպցիոն մեխանիզմ է գործում. 6-րդ վարչությունը նյութեր է պատրաստում

Փետրվար 01,2018 15:00

«Առավոտի»՝ «Այդ մաքսակետում «ժուլիկներ» են աշխատում» հրապարակմամբ անդրադարձել էինք Բագրատաշենի մաքսակետին: Մասնավորապես՝ ներկայացրել էինք, թե ինչպես ՀՀ քաղաքացի Տիգրան Գրիգորյանը Ամանորից առաջ Վրաստանից 500 կգ մանդարին է ներմուծել Հայաստանում վաճառելու համար: Գրիգորյանը մանդարինի յուրաքանաչյուր կիլոգրամի դիմաց Մարնեուլի շուկայում վճարել է 73 թեթրի՝ 171 դրամ: Սակայն Բագրատաշենի մաքսակետում մեր մաքսավորները, ինչպես Գրիգորյանն է վստահեցրել, յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 140 դրամ են գանձել. սա որպես մաքսազերծման վճար են պահանջել: Ըստ Գրիգորյանի՝ մաքսակետում մի անձ է մոտեցել իրեն, որն ըստ երեւութին մաքսային բրոքեր է եղել, եւ Գրիգորյանին ասել է՝ ամեն կիլոգրամի համար 140 դրամ պիտի մուծես, ընդհանուր 70 հազար դրամ: Գրիգորյանը վճարել է գումարը, սակայն դրա դիմաց որեւէ կտրոն չի ստացել, ու նրան տրամադրել են փաստաթուղթ, ըստ որի՝ նրա ապրանքի ներկրումը թույլատրվել է: Այսինքն՝ 170 դրամանոց մանդարինը ներմուծողի վրա մաքսակետում 270 դրամ է արժեցել:
Թե այդ ինչ հավելյալ 140 դրամ է վճարել մաքսավորին Գրիգորյանը, մենք Պետական եկամուների կոմիտեին գրավոր հարցում էինք ուղարկել, ինչպես նաեւ Գրիգորյանի տրամադրած փաստաթղթերն էինք ուղարկել ՊԵԿ, որպեսզի իրավիճակը պարզեն: Բացի այդ, մենք ՊԵԿ-ին նաեւ Գրիգորյանի՝ դեպքի վերաբերյալ մանրամասն նկարագրում էինք ուղարկել:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) սկսել է զբաղվել այս խնդրով, մեզ տեղեկացրին, որ մեր հրապարակման հիման վրա նյութեր են պատրաստվում:

Իսկ ՊԵԿ-ից մեր հարցմանը պատասխանել են, թե Գրիգորյանի ներկայացրած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. «Մեզ ներկայացվել է 2017թ. նոյեմբերի 30-ին Բագրատաշենի մաքսային կետում N 5537 համարով գրանցված մաքսային հայտարարագիրը, որի ուսումնասիրության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ որպես բողոք հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Տիգրան Գրիգորյանը տվյալ մաքսային հայտարարագրի հետ որեւէ առնչություն չունի: Այդ հայտարարագրով ապրանքներ է ներմուծել Բերդ քաղաքի Շիրազի փողոցում հաշվառված բոլորովին այլ անձ (անհատ ձեռնարկատեր), ով որեւէ բողոքով կամ անհամաձայնությամբ մաքսային մարմիններին չի դիմել: Բողոքում նշված էր 500 կգ մանդարինի ներմուծման մասին, որի յուրաքանչյուր կիլոգրամի համար մաքսային մարմինն իբր պահանջել է վճարել 140 դրամ մաքսատուրք: Ներկայացված հայտարարագրով հայտարարագրվել է 14300 կգ նետտո քաշով մանդարին, որի յուրաքանչյուր նետտո կիլոգրամի դիմաց վճարվել է 72,4 ՀՀ դրամի չափով մաքսային վճար, այդ թվում՝ 14,3 դրամ մաքսատուրք եւ 58,12 դրամ ԱԱՀ»:
Այսինքն՝ ՊԵԿ-ի այս պատասխանից պարզաբանվում է, թե Գրիգորյանի՝ 140 դրամ լրացուցիչ վճարած գումարից 72 դրամը ինչ վճար է, սակայն մյուս 70 դրամի մասին ՊԵԿ-ը ոչինչ չի պարզաբանում:

«Սա ցինիզմի վերջին աստիճանն է, ես ամբողջը նկարագրել եմ, իրենք ասում են՝ այդ մարդու անունով ոչինչ չկա, ես էլ եմ ասում՝ իմ անունով չեմ մաքսազերծել: Իրենք շեշտում են, որ օրինական ճանապարհով ներկրումը 72 դրամ է մաքսային արժեքը: Այսինքն՝ եթե ես 140 դրամ եմ վճարել, ուրեմն կոռուպցիան այն 70 դրամն է: Այսինքն՝ սա կոռուպցիոն մեխանիզմ է, որով իրենք այդ 70 դրամն աշխատում են»,- «Առավոտի» հետ զրույցում ՊԵԿ-ի պարզաբանման վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց Տիգրան Գրիգորյանը:
Նրա տպավորությամբ՝ ՊԵԿ-ի այս պարզաբանումը ոչ թե ցանկություն է խնդիրը շտկելու կամ բացահայտելու, այլ կոծկելու. «Դրանից հասկանում եմ, որ այն մեխանիզմները, որոնք ներդրված են ստվերային եկամուտներ աշխատելու, ամբողջությամբ ՊԵԿ-ի ղեկավարության հովանավորության ներքո են, եւ դրանք բացահայտելու որեւէ լուրջ մտադրություն չկա»:

Մեր նախորդ հրապարակման մեջ Գրիգորյանը վստահեցրել էր, որ պատրաստ է համագործակցել ՊԵԿ-ի հետ, նույնիսկ այցելել Բագրատաշենի մաքսակետ եւ ներկայացնել, թե ում հետ է գործ ունեցել, ովքեր են գումար պահանջել:
Հիմա, երբ 6-րդ վարչությունը զբաղվում է այս գործով, սակայն ՊԵԿ-ը միտք էլ չունի խնդիրը լուծելու, Գրիգորյանն անիմաստ է համարում իրավապահ մարմինների հետ համագործակցելը. «Երեկ հանդիպել եմ 6-րդ վարչության քննիչների հետ: Բայց ելնելով այն բանից, որ ՊԵԿ-ի ղեկավարությունը նման ցինիկ մոտեցում է ցուցաբերում, ցանկություն չեմ հայտնել որեւէ կոնկրետ ցուցմունք կամ պահանջ ներկայացնելու: Որովհետեւ իմ խնդիրը որեւէ անհատի դեմ չէ, անհատին պատժելը չէ: Իմ խնդիրը համակարգային փոփոխություններ առաջացնելն է, որն էլ այս վերաբերմունքի պայմաններում անհնար է դառնում: Որովհետեւ եթե քաղաքական կամք չկա այս նյութերին արագ արձագանքելու, այլ դրանք կոծկելու քաղաքականություն է որդեգրվել, ապա իմաստը ո՞րն է: Ասենք՝ 3 հոգու գնանք բռնենք՝ դատենք, հետո՞»:

Գրիգորյանը նախկինում տված իր՝ համագործակցելու խոստման վերաբերյալ էլ ասաց. «Այո, ես ասել եմ՝ պատրաստ եմ համագործակցել, եթե ծառայողական քննություն իրականացվի, եթե ՊԵԿ-ը ցանկություն դրսեւորեր իր ներքին ռեսուրսներով խնդիրները լուծելու: Բայց հիմա այստեղ մարդկանց ճակատագրերի հարցն է, հիմա ես ինչ-որ մեկին ուղարկեմ ազատազրկմա՞ն: Մեր ամբողջ համակարգի խնդիրն այն է, որ քեզ դնում են մի անհարմար իրավիճակի մեջ, որ դու բարոյական երկընտրանքի առջեւ ես կանգնում: Ամբողջ աշխարհը հանգիստ քնած է, ու դու պետք է մեկի վրա բողոք գրես եւ դառնաս նրա թշնամին: Խնդիրն այն է, որ ՊԵԿ ղեկավարությունը անկեղծ ջանք չի գործադրում այս ամենը բացահայտելու: Իրենց պատասխանից ենթադրում եմ, որ լավ էլ տեղյակ են, եւ ենթատեքստն էլ հետեւյալն է՝ դե լավ, ինչ եք խառնվել իրար, մենք գիտենք՝ ոնց ենք անում մեր գործերը, հանգստացեք»:

Գրիգորյանն ասաց, որ եթե իր ներկայացրած խնդիրը համատարած է, եւ այս դեպքը միայն իր հետ չի կատարվել, եւ այս դեպքում եթե վարչապետն ու ՊԵԿ ղեկավարը ոչինչ չեն ուզում անել, ապա 1-2 շարքային աշխատակցի պատժելը մի քանի հոգու ականջը կտրելու խնդիր է լուծելու. «Ես անձամբ մեկի դեմ բողոք չեմ գրի: Քավության նոխազներն ինձ համար օտար են»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

31.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728