Հովհաննես Պապիկյանի «Նեղ դուռը» գիրքը խորհրդային ժամանակներում դատապարտված տաղանդավոր լրագրողի մասին է
Բանաստեղծ-լրագրող Ֆելիքս Պետրոսյանին սովետական տարիներին՝ 1976թ. նրա հեղինակային հաղորդումից հետո կալանավորեցին եւ 4 ամիս ազատազրկելով, առանց դատարանի վճռի պահեցին նրա իսկ բառերով՝ «Սովետաշեն կոչվող աղբանոցում»՝ բանտում: Հաղորդումը պետավտոտեսչության երկու աշխատակիցներից տուժած երկու վարորդների իրավունքների պաշտպանության մասին էր: Ֆելիքսն, ինչպես «Նեղ գիրք» գրքում պատմում է լրագրող Հովհաննես Պապիկյանը, այդ կապակցությամբ մի քանի անպատասխան նամակ է գրել Գերագույն դատարան:
«Նեղ դուռ» գրքում ներկայացված է Ֆելիքսի՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահին գրված չափածո նամակը, որն ավարտվում է այսպես. «Եվ ինչպես անպետք հագուստը՝ կեռից, Անշարժության մեջ տարածությունն եմ կուլ տալիս արդեն՝ վերածված փոշու»:
«Ֆիզիկայի տարրական օրենքներից մեկն է իներցիան: Հեռուստատեսային «Հեքիաթ առանց խնձորների» իմ հաղորդումից ծնված զայրույթի իներցիայով հանցանշաններ ստեղծեցին իմ դեմ, իներցիայով ձերբակալեցին, իներցիայով գործին տվեցին լուրջ բնույթ, այդ լրջությունը իներցիայով փոխանցեցին քաղաքային դատախազությանը, սա էլ իր հերթին, իներցիայով հանձնեց հանրապետական մասշտաբի իր վերադասին: Բայց այնտեղ աշխատող ուղեղների մեջ եղավ մեկը՝ ընկեր Թորոմոնյանը, ում «սիրուն» չթվաց միայն խտուտի շնորհիվ ծիծաղելը: Եվ այդ ընկերը մերժեց 15-185 հոդվածի 2-րդ մասով Ֆելիքսին ու Վարուժանին դատի տալու միջնորդությունը: Գործը վերադարձվեց կնքահորը՝ քաղաքի դատախազությանը»,-նամակներից մեկի տողերն են:
Գրքում Ֆելիքսի մի նամակից տեղեկանում ենք, որ «Այլախոհ ժուռնալիստները ՍՍՀՄ-ում» թեմայով հաղորդման մեջ երկու անգամ շեշտել են Ֆելիքսի անունը՝ 1978թ. փետրվարի 18-ին եւ հունիսի 17-ին, եւ եթեր են տվել Սեւակին նվիրված գործը տողացի թարգմանությամբ:
«Նեղ դռան» հեղինակի բնորոշմամբ, «նեղ դռնով անցնելու քո ճանապարհին սա, քո բազում բացատրություններից մեկը լինելով, նաեւ բողոք էր, որի ճամփան փակվում էր հենց այնտեղ, որտեղ իրենք էին, նրանք ուղեփակոց էին քո նամակները հասցեատերերին գնալու ճանապարհին»: Ի դեպ, այս բացատրության օրերին, գրվել է նրա «Դիմում» բանաստեղծությունը:
Իսկ 2016թ.-ին գրքի հեղինակի՝ լրագրողի ընկերոջ ձեռքում է հայտնվում Ֆելիքսի 1983թ. նոյեմբերի 10-ի թվագիր նամակը. «Բառացիորեն գլուխ չեմ հանում, թե ինչ է կատարվում ձեր աշխարհամասում: Ամենագյուլլելու հանցագործն անգամ տեղեկացվում է իր գործած մեղքի մասին, իսկ ես, պարզվում է, այդպիսի հանցագործ համարվելու իրավունք էլ չունեմ: Տխուր է: Մահու չափ: Ու անտանելի:
Մի բան եմ քեզ խնդրում: Օրեր հետո ադմինիստրացիայի նիստ կլինի, ուր կորոշվի ինձ վաղաժամկետ-պայմանական ազատելու հարցը: Այսօրինակ անորոշ ու մութ իրավիճակի առկայության պայմաններում ես կգերադասեմ ռադ լինել գաղութ-բնակավայր, քան դուրս գալ ազատություն՝ քայլելու մորթված երազների դիերի վրայով: Չե՜մ ուզում: Առողջություն բոլորիդ: Հարգանքս ու խոնարհ ողջույնս ձերոնց:
Ծխախոտի համար շնորհակալ եմ: Կարծես շատ դժվար բան էր մի տուփի մեջ թույն հաջողացնելը: Վանեցի՜»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ.
«Հովիկ, գոնե դո՜ւ համարձակ եղիր բացատրելու, թե ինչ է պատահել: Բա չիմանա՞մ ինչի համար են ասելու՝ «լուսաբացին նա բարձրացվեց կախաղան»:
Անցյալ տարի լույս տեսավ Հովհ. Պապիկյանի «Նեղ դուռը», որի տպագրությանն աջակցել է Ալիս Սողոմոնյանը: Այն վաղամեռիկ բանաստեղծ, լրագրող Ֆելիքս Պետրոսյանին նվիրված երրորդ գիրքն էր՝ «Կիսատ անուրջներ» եւ «Մահարու վերադարձը» գրքերից հետո:
Հովհաննես Պապիկյանը մենախոսության, ընկերոջ հետ զրուցելու միջոցով ներկայացնում է Ֆելիքսի անցած ճանապարհը, նամակները: Պատմում է, որ Ֆելիքսը հասցրել էր նկարահանվել «Երգում է Հայաստանը», «Վերադարձ» ֆիլմերում, իսկ Լուսիկ Քոշյանի «մաշինեն եկավ» երգ-տեսապատումի մեջ աղջկան սպասող երիտասարդի կերպարում Ֆելիքսին էին ընտրել:
1973թ. սեպտեմբերին «Մանկավարժ» թերթում տպագրվեց «Իշապար» շարքը՝ կենդանաբանական այգուց «ռեպորտաժի» տեսքով: Խմբագիրը Լեւոն Անանյանն էր:
Հովհաննես Պապիկյանը գրքում հիշում է Իլյա Միքայելյանին՝ Արցախեցուն, «շնորհաշատ լրագրող, ով խմբագիրն էր կալանավայրերի թերթի, ուր եւ դու քո բանաստեղծություններն էիր երբեմն ուղարկում, նկատել էր քո մեջ բանաստեղծին, միջնորդեց, որ քեզ տեղափոխեն գրադարան»:
Կալանավայրային նամակների մեջ ամենից խոսունը Ֆելիքսի «Բաց նամակ բանտից. Հայաստանի բոլոր ժուռնալիստներին» չափածո նամակն է. «Երդվում եմ զուլալ իմ տառապանքով, բանտախուցն այնքան փականքներ չունի, իսկ բանտախցում, եթե տեղյակ եք, ապրում են «ազնիվ հասարակության տականքները» լոկ»:
Հովհաննես Պապիկյանը գրքում ներկայացրել է Ֆելիքսի կալանավայրային մտերիմներից մեկին՝ Աղավնուն, նրա կողմից փրկված բանտային բանաստեղծությունների շարքը, որոնց նեղ դռնով անցնելիս անհնար է հուզմունքդ թաքցնել:
«Առավոտ»
31.01.2018