Ինչու են երիտասարդ աղջիկներն
ամուսնանում 60-անց տղամարդկանց հետ
Պոլսահայ լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն մտահոգված է մի խնդրով: Խոսքը վերաբերում է հայաստանաբնակ երիտասարդ աղջիկներին, որոնք ամուսնանում են Հայաստանի սահմաններից դուրս ապրող, իրենց հոր տարիքի ունեւոր տղամարդկանց հետ: «Առավոտի» հետ զրույցում Վերճիհանն ասում է, որ երեւույթը տարածված է ոչ միայն Սփյուռքում, այլեւ պոլսահայ համայնքում: Նրա փաստմամբ, այստեղ եւս ամուսնալուծված 60-անց տղամարդիկ հաճախ ամուսնանում են 20-25 տարեկան հայաստանցի աղջիկների հետ: «Ով չի կարողանում լեզու գտնել կնոջ հետ, ասում է` կգնանք Հայաստանից աղջիկ կբերենք»,- նշում է մեր զրուցակիցը: Նաեւ շեշտում, որ, ցավոք, Հայաստանից եկած այդ աղջիկներն անապահով ընտանիքներից են, որոնք երեւի մտածում են, որ ի վերջո հայ մարդու հետ են ամուսնանում, ոչինչ, որ 60-65 տարեկան է, կվախճանվի, իրենք էլ նրա դրամները հետո կծախսեն:
Վերճիհան Զիֆլիօղլուն հավելում է, որ հատկապես գարնան եւ ամռան ամիսներին են սփյուռքահայերն ու պոլսահայերը Հայաստան գալիս՝ իրենց ամուսնալուծված տղաների համար աղջիկներ գտնելու: «Խնդիրը միայն պոլսահայությանը չի վերաբերում, պարզապես վերաբերմունքն է վարկաբեկիչ՝ Հայաստանի աղջիկների հանդեպ»,-ցավ է հայտնում նա:
Վերճիհանը կարծում է, որ այդ կանայք երջանիկ չեն, կամ գուցե նրանցից ոմանք մտածում են, որ եթե նյութական առումով ապահովված են, ուրեմն ամեն ինչ լավ է, որովհետեւ ամուսինների հաշվին գոնե կկարողանան հոգալ Հայաստանում ապրող իրենց ընտանիքների ապրուստը:
«Երբ ես Հայաստանում էի, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին տեղեկացրի այդ մասին, բայց որեւէ մեկը չցանկացավ խնդրի մասին բարձրաձայնել: Ես հիշեցրի 1915-ի դեպքերը, երբ Արեւելյան շրջաններից փրկված աղջիկները պոլսահայ հարուստների կողմից նույն ճակատագրին էին արժանացել, բայց չէ՞ որ հիմա չունենք 1915թ., ու նորից հայ կանայք նման սոցիալական խնդիրների են բախվում»,-ասում է նա:
Վերճիհանը իր մտահոգության մասին գրել է իր «Քարավանի հայերի պատմությունը» թուրքերեն գրքում: Նա եւս մեկ անգամ շեշտում է. «Երեւույթն ինձ ցավ է պատճառում, ցավոք, ցեղասպանության ընթացքին էլ է դա պատահել, կանայք գալիս էին արեւելյան շրջաններից, գալիս էին մաքրություն անելու, հետո դառնում էին հարուստ մարդու երկրորդ կինը»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝
Վերճիհանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ»
31.01.2018