Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ծանրամարտի միջազգային կառույցները պետք է պատասխանատվություն ցուցաբերեն որոշումներ կայացնելիս»

Փետրվար 01,2018 12:30

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունվարի 28-ին Ծաղկաձորում ավարտեց մրցաշրջան 2018-ում առաջին ուսումնամարզական հավաքը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հունվարի 15-ից սկսված երկշաբաթյա ուսումնամարզական հավաքին հրավիրվել են ազգային հավաքականի կորիզը եւ երիտասարդները: Երեւանում ծանրորդները մարզումները փետրվարի 5-ից 20-ը կշարունակեն «Օլիմպավանում», որից անմիջապես հետո կանցկացվի Հայաստանի առաջնությունը:

«Հավաքին հիմնական ուշադրություն դարձրեցինք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության եւ ֆունկցիոնալ հնարավորությունների բարձրացման վրա: Բայց չէինք մոռանում դասական վարժությունները: Հավաքը ծառայեց նպատակին: Տղաներ կային, որոնք հեռու էին անհրաժեշտ մարզավիճակից եւ արդեն հասել են իրենց մարզավիճակի գրեթե 80 տոկոսին: Ես սովորաբար ծանր մարզումներ եմ անցկացնում մրցումներից մեկ-երկու ամիս առաջ, որպեսզի ծանրորդների տեստոստերոնը բնական ճանապարհով բարձրանա:

Մեկ ամսից Հայաստանի առաջնությունն է: Չի բացառվում, որ մեծահասակները Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանան: Իսկ եթե չթույլատրեն, հարկադրված կլինենք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում չընդգրկված մրցումների մեկնել: Միջազգային ֆեդերացիան մեզ դա թույլ տալիս է, որպեսզի մեր ծանրորդները ֆիզիկական որակները պահպանեն եւ աշնանը կարողանան մասնակցել աշխարհի առաջնությանը, որն այս տարվանից օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի», – ասաց մասնագետը:
Խոսելով դոպինգային սկանդալների պատճառով ծանրամարտի աշխարհում ստեղծված իրավիճակի պայմաններում որպես գլխավոր մարզչի իր խնդիրների մասին՝ պարոն Ալավերդյանն ասաց. «Մենք միջազգային ֆեդերացիայի առջեւ որոշակի պարտավորություններ ենք ստանձնել: Տարվա ընթացքում մեր ծանրորդները պետք է մասնակցեն 4-6 միջազգային մրցումների եւ նույնքան դոպինգ անալիզ հանձնեն, հակառակ դեպքում մեզ կարող են թույլ տալ մասնակցել աշխարհի առաջնություններին, բայց օլիմպիական խաղերին՝ ոչ: Հիմա մեզանից շատ մեծ զգուշություն է պահանջվում: Հավաքականների մարզիչներս ու ֆեդերացիան պետք է տեղյակ լինեն միջազգային ֆեդերացիայի եւ ՄՕԿ-ի բոլոր որոշումներին, իմանան ամեն մի նրբություն: Տեսնում եք, որ հիմա ամեն մի չնչին բանից կառչում են»:


Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու կարգը փոխվել է, մասնակիցների քանակը՝ կրճատվել: Գենդերային հավասարության պահանջով Տոկիոյում յուրաքանչյուր հավաքական համալրված է լինելու առավելագույնը 4-ական տղամարդով եւ կնոջով: Դրա համար անհրաժեշտ է այս եւ հաջորդ տարվա աշխարհի առաջնություններում գրավել թիմային 1-ից 6-րդ տեղերը: Դա շատ դժվար ու պատասխանատու առաջադրանք է եւ իր իսկ արտահայտությամբ պարտվել չսիրող Փաշիկ Ալավերդյանը պայքարելու է: Սակայն նրան վրդովեցնում է, ինչպես ինքն է ասում, մարզաձեւի միջազգային ու եվրոպական կառույցների անլուրջ վերաբերմունքը մի շարք կարեւորագույն խնդիրներին:

«Միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների բարձր աթոռներին նստածները ծանրորդ չեն ու ծանրամարտ լավ չգիտեն: Քաշային կարգեր են փոխում եւ ուշացումով հայտարարում դրանք՝ չհասկանալով, որ քաշային կարգ փոխելուց հետո ծանրորդը պետք է առնվազն մեկ տարի մասնակցի պատասխանատու մրցումների ու նոր գնա աշխարհի առաջնություն: Ես որպես եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի անդամ, բազմիցս թե հեռախոսով, թե ֆաքսով ահազանգել եմ, որ այդպես չի կարելի, որ պետք է որոշումներում հստակություն մտցնել, որպեսզի կարողանանք մինչեւ աշխարհի առաջնություն մեր մարզիկներին մի քանի մրցումներում փորձել նոր քաշային կարգերում: Խիստ կարեւոր է, որպեսզի ծանրորդն իմանա նոր քաշային կարգերը, կողմնորոշվի, թե որն է իրեն հարմար եւ նախապատրաստության ընթացքում կառավարի իր անձնական քաշը: Նոր կարգով ծանրամարտում սահմանվել է տղամարդկանց եւ կանանց 10-ական քաշային կարգ, որոնցից երեքը օլիմպիական չեն լինելու: Մինչեւ հիմա հայտնի չէ նաեւ, թե որ քաշերն են օլիմպիական: Այս պարագայում հիմա մենք ինչի՞ վրա շեշտը դնենք եւ ո՞ր ուղղությամբ շարժվենք: Սրանք անչափ ցավոտ խնդիրներ են մեզ համար: Ես պարտվել չեմ սիրում: Որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ ես պիտի ժամանակին իմանամ ամեն բան, որպեսզի հետագայում ինքս անակնկալի չգամ ու թիմին ակամա անակնկալի չբերեմ, թե այս կամ այն բանն ինչպես եւ ինչու ստացվեց», – ասաց մասնագետը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

31.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728