Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը ոչ հերքեց ոչ էլ հաստատեց fakty.ua-ի տարածած տեղեկությունը, թե հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում:
Ըստ fakty.ua-ի՝ իրավապահներին հաջողվել է դուրս գալ 41-ամյա կասկածյալի և նրա 22-ամյա ընկերուհու հետքի վրա: Երկու առևանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք: Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Ուկրաինայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ, և պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը 70 օր շարունակ:
Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ առևանգվածներից մեկի հորից, պահանջում էին փրկագին: Գումարը փոքր չէր՝ 5 միլիոն դոլար բիթքոինով»,- ասել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն: Սակայն կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են եղել այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին:
«ՀՀ քաղաքացիների առեւանգման մասին այս պահին տեղեկություն չեմ կարող հայտնել, ինչ վերաբերում է ռուսական կամ այլ լրատվամիջոցների տարածած տեղեկություններին՝ դրանք էլ այս պահին առանց մեկնաբանության»,- Aravot.am-ին ասաց Արման Աբովյանը:
Լուսանկարը՝ Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ