Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի վստահեցմամբ՝ Ռուսաստանը կախվածության մեջ է պահում և′ Հայաստանին, և′ Ադրբեջանին:
«Անդրադարձ» ակումբում «Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է վաճառել Ադրբեջանին. կպահպանվի ՞ արդյոք, ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում» թեմայով քննարկմանը փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի շահերը համընկնում են ոչ բոլոր հարցերում՝ չնայած, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հայտարարեց, թե Ռուսաստանում պայմանագիր կա, որով մեր ռազմավարական գործընկերը պարտավորվում է օգնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի: Նա մանրամասնեց. «Օրինակ՝ պարտավորվում է իր տարածքում արգելել հակաթուրքական որևէ միջոցառում, քարոզչություն և այլն: Այս օրենքն ուժի մեջ է: Նրանք՝ ռուսները, օրինապահ են, հավատարիմ իրենց դաշնակցին և իրենց ստանձնած պարտավորություններին»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ, փորձելով արդարացնել Ռուսաստանի վարած քաղաքականությունը, անընդհատ շեշտում էր, թե զենքը տարբեր ձևերով է գնվում և վաճառվում. տարբերություն կա Հայաստանի և Ադրբեջանի պարագայում: Այս հայտարարություններից հետո նրա հետ բանավիճող Ստեփան Սաֆարյանի և Ազատ Արշակյանի մոտ հարց առաջացավ՝ հիմա դու Ռուսաստանի՞ կողմից ես:
Ստեփան Սաֆարյանը, հիշեցնելով ռուսական կողմի հայտարարությունները, հարց հնչեցրեց. «Որևէ մեկը իշխանությունից հարց տվե՞լ է Ռուսաստանի իշխանություններին, որ հայտարարում եք, թե ռազմական բալանս եք պահում, էդ ձեր բալանսը ո՞րն է, քանի՞ հատ մենք պիտի ունենանք, քանի՞ հատ Ադրբեջանը: Չկա բառերին հավատալու տեղ. Ռուսաստանը և′ մեր աչքն է վախեցնում, և′ Ադրբեջանի ախորժակը բացում, և′ Ադրբեջանին է կախվածության մեջ պահում, և′ Հայաստանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ