Վերաքննիչ դատարանն այսօր դատավոր Պապոյանի նախագահությամբ որոշեց եւս երկու տարով ավելացնել 2016 թվականին կնոջը դիտավորությամբ սպանելու համար իննը տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մելիքսեթյանի պատիժը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի նոյեմբերի 2-ին մեղավոր է ճանաչել և 9 տարվա ազատազրկման դատապարտել Արթուր Մելիքսեթյանին՝ իր կնոջը՝ Նարինե Դանիելյանին դիտավորությամբ սպանելու համար:
Ըստ մեղադրականի՝ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Մելիքսեթյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից Ակնալիճ գյուղի ուղղությամբ ընթանալիս խանդի հողի վրա` կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ՝ նախ ավտոմեքենայի մեջ, ապա ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում նրան ծեծի է ենթարկել։ Կնոջ մահը վրա է հասել նրանից հետո, երբ Մելիքսեթյանը պարանոցը սեղմելով՝ շնչահեղձ է արել նրան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պնդում էր, որ իննը տարվա ազատազրկումը մեղմ պատիժ է եւ ներկայացրել էր վերաքննիչ բողոք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ