ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է տարածել «Փաստ» օրաթերթում հրապարակված ՎՊ 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ վերահսկիչ պալատն առնվազն գույք գնել է վերջին անգամ մինչև 2007 թվականը, և որ պալատի աշխատակազմը այս 10 տարիների ընթացքում հիմնականում օգտագործել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի օրոք ձեռքբերված գույքը:
Հոդվածի հեղինակը մոռացել կամ չի ցանկացել նկատել, որ երկար տարիներ պալատի աշխատակիցներն առանց օդորակիչների են աշխատել, կամ որ` երկար տարիներ ՎՊ-ն չի ունեցել խորհրդակցությունների սենյակ, որտեղ պետք է անցկացվեին Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը, միջազգային կառույցների հետ հանդիպումները, ինչպես նաեւ` մամուլի ասուլիսները…
Կամ ինչպես կարելի է մոռանալ, որ պալատի աշխատակիցները երկար տարիներ օգտագործում էին կոտրված, սակայն զօդված բազկաթոռներ, աթոռներ և բազմակի վերանորոգված սեղաններ:
Ինչ վերաբերում է նախատեսված վարչական սարքավորումների համար նախանշված գներին, ապա պետք է նշել, որ գնումների պլանը նախնական փաստաթուղթ է և դրանում նշված գները վերջնական չեն և կարող են փոփոխության ենթարկվել մրցույթների և բանակցությունների արդյունքում, ինչը վստահաբար Պալատն անելու է:
Իսկ այն, որ 150 հազ. դրամով պալատը մեկ աղբյուրից պատրաստվում է ջահ գնել` խորհրդակցությունների սենյակի համար, մեր «անանուն բարեկամին» հիշեցնենք, որ մինչև մեկ միլիոն դրամի չափով գնումը կարող է իրականացվել մեկ աղբյուրից, այլ ոչ թե` մրցույթի միջոցով»:
ՀՀ վերահսկիչ պալատ