Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինս ու սկեսուրս տնից հանեցին, երբ իմացան՝ աղջիկ երեխայի եմ սպասում». Ժաննա Տեփանյան

Հունվար 31,2018 19:22

36 ամյա Ժաննա Տեփանյանն իր երկու ամյա դստեր հետ հայտնվել է անելանելի վիճակում: Նրա երեխայի հայրը առաջին կնոջից ամուսնալուծված էր, ուներ երկու դուստր: Երեխայի հոր հետ Ժաննան շատ կարճ է ապրել, երբ երեխայի սեռը հայտնի է դարձել, որ աղջիկ է, ամուսինը նրան ընտրության առջեւ է կանգնեցրել՝ կամ երեխայից ազատվել ու շարունակել ապրել իր հետ կամ հեռանալ տնից երեխայի հետ:

«Իր աղջիկները սեզոնային դպրոցի ժամանակ գալիս էին Հայաստան, իսկ երբ ուսումնական սեզոնն ավարտվում էր, գնում էին Մոսկվա՝ իրենց մոր մոտ: Ասում էր՝ ես երկու աղջիկ ունեմ, հենա նստի իմ աղջիկներին պահի, էլ ինչ եմ անում աղջիկ, հո կոլեկցիա չեմ հավաքում: Զանգել եմ մամայենցս, եկան, խոսեցին ամուսնուս, սկեսուրիս հետ, բայց նրանք իրենց խոսքին մնացին ու ինձ տնից դուրս հանեցին: Մի անգամ էլ դեռ երեխաս չէր ծնվել, ամուսինս եկավ, փողը դրեց սեղանին՝ ասաց վերջին անգամ եմ ասում, արի գնանք երեխուն հանենք, արի իմ հետ ապրի, թե չես ուզում, էլ ոչ մի բան ինձնից չպահանջես: Ես հրաժարվեցի, ինքը գնաց: Արդեն երկու տարի է՝ ապրում եմ Գյումրիում՝ դոմիկի մեջ»,- պատմեց Ժաննա Տեփանյանը:

Մեր զրուցակցի խոսքով, ամուսինը աղիքային անբուժելի հիվանդություն ուներ, դեռ իրենց համատեղ ապրելու ընթացքում վիրահատվել էր, բայց կյանքին սպառնացող հիվանդությունը չէր բուժվել. «Երբ երեխաս ութ ամսական էր, ամուսնուս վիճակն արդեն ծանր էր, զանգեց, խնդրեց երեխուն տանենք՝ տեսնի: Գիտեի՝ մահանալու է, տարա՝ տեսնի: Էդ մի անգամն է տեսել, ոչ հայրություն ճանաչեց, ոչ ազգանունը տվեց, դրանից հետո մի շաբաթ ապրեց ու մահացավ: Սկեսուրս էլ հիմա չի ընդունում, ասում է՝ մեր տանը օրենքով երկու երեխա կա»:

Ժաննա Տեփանյանը օգնության կարիք ունի, ասում է՝ աշխատանքի էլ իրեն չեն վերցնում. «Որտեղ գնում եմ՝ ասում են՝մինչեւ երեսուն տարեկան, բարետես ենք ուզում, երեսունից էն կողմ չեն վերցնում, ինչ անեմ, որ երեսունվեց տարեկան եմ, աշխատանքային ութ տարվա ստաժ ունեմ, քաղաքապետարանում եմ աշխատել՝որպես համակարգչային օպերատոր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031