2018 թ. հունվարի 3-ին Դատապարտյալների հիվանդանոցում Մհեր Խերունցի մահվան դեպքի առթիվ 2018 թ. հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել: Դրա շրջանակում իրավական գնահատական կտրվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանի արարքին, եթե նրա «առերևույթ հանցանք կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերվեն»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման 2018 թ. հունվարի 25-ի պատասխանից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2018 թ. հունվարի 10-ին՝ operativ.am լրատվական կայքի՝ «Ուզում ա 10 հոգի մեռնի, ինձ որ տեսնում եք հանդարտ կանգնեք. «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավորը մահացել է ՔԿՀ պետի տեղակալի մեղքով» հրապարակման հիման վրա: Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Մհեր Խերունցի ինքնազգացողությունը վատանալուց հետո նրան օգնության հասած բժիշկները չեն կարողացել ժամանակին մուտք գործել նրա խուց, ինչի արդյունքում Մ. Խերունցը մահացել է: operativ.am լրատվական կայքի համաձայն՝ հերթապահ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանը կալանավորների ահազանգից 30 րոպե հետո է բացել դուռը, երբ Մ. Խերունցն արդեն մահացած է եղել:
Իսկ կալանավորների դժգոհություններին ի պատասխան ասել է. «Ուզում ա 10 հոգի մեռնի, ինձ որ տեսնում եք տոններդ իջեցրեք ու հանդարտ կանգնեք»: Հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը հայտնել է, որ 2018 թ. հունվարի 16-ին դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Իսկ operativ.am-ի վերը նշված հրապարակումը քրեական գործի նյութերում առկա է և համապատասխան փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում Ա. Այվազյանի արարքին իրավական գնահատական կտրվի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ