Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ծխելու դեմ պայքարում Վրաստանում, Էստոնիայում եւ Ղրղըզստանում (Տեսանյութ)

Հունվար 31,2018 17:38

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումները չեն դադարում: Հիշեցնենք, որ այս նախագծով արգելվում է ծխելը հանրային վայրերում, սրճարաններում, վերելակում, եւ բազմաթիվ այլ վայրերում: Ընդ որում, օրենքը խախտելու դեպքում 250 հազարից մինչեւ 500 հազար դրամ տուգանք է նախատեսված:

Ծխելու դեմ պայքարի ու տուգանքների նման մեխանիզմը «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը վիշապային է համարում: Չիլինգարյանի կարծիքով՝ տուգանքները շատ բարձր են սահմանված. «Եվրոպայում 25 եվրոյից է սկսվում տուգանքը՝ մինչեւ 250 եվրո: Իսկ մեզ մոտ մինչեւ 500 հազար է հասնում, այն դեպքում, որ մեզ մոտ մարդկանց եկամուտները ցածր են»:

Ըստ Չիլինգարյանի, օրենքով սահմանված չէ, թե ինչ մեխանիզմով է վերահսկվելու իրավիճակն ու ո՞վ է ստուգելու, ասենք՝ Չիլինգարյանը վերելակում ծխո՞ւմ է, թե՝ ոչ:

Aravot.am-ի այն հարցին՝ օրենքով պահանջ դրված չէ ծխողների համար առանձնացնել ծխողների համար սրահներ, արդյոք սա մարդու իրավունքի խախտում չէ, ընդ որում բժիշկները կարծիք են հայտնում, որ ծխողները իրավունքներ չունեն, չկա ծխելու իրավունք, Չիլինգարյանը պատասխանեց. «Ծխողներն էլ ունեն ծխելու իրավունք: Ցանկացած երկրում այդ իրավունքը տրվում է սպառողին: Թող հատկացվեն տարածքներ, որտեղ մարդիկ կարող են ծխել»:

Մանրամասն՝տեսանյութում

Չիլինգարյանն իր այս տեսակետը ներկայացրեց «Արմենիասպուտնիկ» մամուլի սրահում Երեւան-Թբիլիսի-Բիշքեկ-Տալին տեսակամուրջի ընթացքում:

Էստոնիայի ներկայացուցիչ Անաստասիա Դրեվսն ասաց, որ իրենց երկրում Եվրամիության ֆինանսավորմամբ անվճար խորհրդատվություն է տրամադրվում ծխող մարդկանց՝ ինչպես թողնել ծխելը: Իսկ ահա բուժումն Էստոնիայում անվճար չէ, համապատասխան դեղերը քաղաքացին իր գրպանից պետք է վճարի:

Էստոնիայում հիմա նարգիլե ծխելն է լուրջ խնդիր, եւ ինչպես Դեբեսն ասաց, ժամանցի շատ վայրերում նարգիլե ծխելու ծառայություն կա. «Շատերը կարծում են, թե այն անվնաս է, սակայն դրանում ծանր մետաղներ կան, որոնք քաղցկեղ են առաջացնում: Թյուր է կարծիքը, թե էլեկտրոնային ծխախոտն անվնաս է: Անվնաս չէ, էլեկտրոնային ծխախոտում առկա են 2 հազար քիմիական տարրեր, սովորական ծխախոտում՝ 4 հազար»:

Մանրամասն՝  տեսանյութում

«Ծխախոտի հսկողության դաշինք» ՀԿ նախագահ Գեորգի Բախտուրիձեն էլ ասաց, որ այս տարվա մայիսից Վրաստանում արգելվելու է ծխելը հանրային վայրերում՝ առանց ծխողների համար առանձնացված տարածքների: Բախտուրիձեն ասաց, որ ծխելը թողնելու համար նախատեսված դեղամիջոցները թանկ են, ուստի իրենք բանակցում են կառավարության հետ, որպեսզի այդ դեղամիջոցները հասանելի լինեն թիրախային խմբերին՝ առողջապահության նախարարությունը գումարներ հատկացնի:

Մանրամասն՝ տեսանյութում

Իսկ Ղրղրզստանի ներկայացուցիչ Ալինա Ալթըմըշեվան էլ նշեց, որ իրենց երկրում ծխելու հետեւանքով քաղաքացիների հիվանդացությունները մտահոգիչ են, եւ մահացության մակարդակն էլ բարձր է, ուստի ծխելու դեմ խիստ պայքար են տանում: Եվ քանի որ այս երկրում, ըստ Ալթըմըշեվայի, անչափահասների ու դեռահասների շրջանում է լուրջ այս խնդիրը, նրանք կարողանում են հատիկով կամ «նիսյայով» բակի խանութներից գնել ծխախոտ, ուստի մտադիր են օրենսդրական փոփոխությամբ արգելել կրպակներում եւ փոքր խանութներում ծխախոտի վաճառքը:

Այս երեք երկրների ներկայացուցիչները կողմ են ծխելու դեմ խիստ պայքարին եւ բարձր տուգանքներին, այդպես իսկապես ազդեցություն ու արդյունք կլինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031