Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ուշագրավ դեպք պատմեց:
Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվում է ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի նախագիծը՝ ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխություն կատարելու: Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «5 օր առաջ ես գնում եմ ճանապարհային ոստիկանություն, որ մեքենաս վաճառեմ: Ինձ ասացին՝ չես կարող վաճառել, որովհետեւ արգելանք կա մեքենայիդ վրա: Նայում եմ, տեսնում եմ, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանք ունեմ, արգելանք է դրված ու ես հաշվիս վրա ունեմ մի քանի միլիոն դրամ փող, ո՞նց կարան արգելանք դնեն, ես գործարք չեմ կարող անեմ: Մենք օրենք ընդունեցինք, որ արգելանքը գումարի չափով դրվի, չի՛ աշխատում ոչ մի բան»:
ՀՀԿ-ականներին ավելի շատ հետաքրքրեց Մարուքյանի միլիոնների հարցը, թե որտեղի՞ց ունի այդ մի քանի միլիոնը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, լսելով միլիոնի մասին, արձագանքեց՝ յաա՜, իսկ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Հայտարարագրե՞լ եք այդ միլիոնները»:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրենքը գործում է, պետք է Մարուքյանը գրություն ուղարկի, ասի արգելանքից հանեն, Մարուքյանն էլ դժգոհեց, թե հավելյալ ինչի՞ պիտի գրեմ. «Իմ 4 մլն դրամանոց ավտոյիս վրա ինչի՞ եք արգելանք դրել, հաշվիս վրա էլ մի քանի միլիոնի փող կա»:
Միհրան Պողոսյանն ասաց, որ որոշ բանկեր այդ ծրագրից չունեն ու հավանաբար Մարուքյանի հաշիվները հենց նման բանկերից մեկում են: Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ երբ ինքը նման նախագծով հանդես եկավ, 11 բանկ այդ ծրագիրը չուներ, չէր կարողանում օգտվել, հիմա մի քանիսն են մնացել:
Մարուքյանն էլ ասաց, որ ստիպված փողը տարել մուծել է, որ մեքենան կարողանա վաճառել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ