Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի մասին. «Նույն սելը հերիք ա ճռռա, էլի»

Հունվար 31,2018 16:49

«Տվյալ անձի մուտքի սահմանափակումը ԱՄՆ եւ ՀՀ-ի տնտեսական գործունեությունը չեմ կապում իրար հետ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: Հարցը վերաբերում էր ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին:

Երեկ, հիշեցնենք, ԱՄՆ-ի հրապարակած «սահմանափակումների» ցուցակում ՌԴ-ում բնակվող երեք հայ խոշոր գործարարներ էլ կան: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է, որը նաեւ Հայաստանում է բիզնես-ծրագրեր իրականացնում: «Դա ԱՄՆ-ի ներքին խնդիրն է, ես չեմ կարող դրան գնահատական տալ: Իրենք առաջնորդվում են իրենց ներքին ինֆորմացիայով»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Լրագրողները խնդրեցին պատգամավորին նաեւ կարծիք հայտնել ՀՀ չորրորդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: «Արմեն Սարգսյանը, որպես չորրորդ նախագահ, լավագույն թեկնածուն է»: Միհրան Պողոսյանը հաշվի է առնում նրա «պոտենցիալն ու ուղին, որ անցել է»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց`իր հարցազրույցներից մեկում Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ ինքը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրներից է: Օրերս էլ նախագահը հրապարակային դժգոհություն էր հայտնել`նրան չեն բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը: «Ինչո՞ւ եք թերանում»,- հարցրեցին Միհրան Պողոսյանին: «Իմ նախագիծը եւս կոռուպցիայի դեմ պայքարի քայլ է: Ունենք իրավիճակ, երբ պետական մարմինները քաշքշուկ են ստեղծում քաղաքացու համար»,- ասաց նա:

«Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը, դա կվկայի ԴԱՀԿ-ում իմ աշխատելաոճը»,- շարունակեց Միհրան Պողոսյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին`ե՞րբ հաջողություններ կլինեն: «Թիմը եւ թիմի ղեկավարը նշելու են, որ բավարարված չեն, քանի դեռ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ փոփոխությունների արդյունքը»,- ասաց պատգամավորը:

Լրագրողները հիշեցրին իր մասնակցությամբ «օֆշորային» սկանդալը, որը փակվեց եւ քաղաքացիներին չբավարարեց: Հարցրեցին`չե՞ք ուզում ձեզնից սկսել: «Դա անբավարարված օղակներ են, չենք կարող ոչինչ անել»,- ասաց Միհրան Պողոսյանը` հավելելով, որ բազմիցս պատասխաններ տրվել են, այդ էջը ինքը փակված է համարում. «Շատ մարդիկ քննվեցին, պատասխաններ հրապարակվեցին համապատասխան բանկից, որից հետո ես հրաժարական տվեցի`իմ բախտի որոշումը թողնելով մեր իրավապահներին: 8-9 ամիս աշխատելուց հետո հրապարակվեց`չկա համապատասխան կազմակերպություն, բանկում հաշիվ, իսկ եթե չկա հաշիվ, չկա դրամական շարժ: Այս ամենից հետո միայն ես ինձ թույլ տվեցի իբրեւ ՀՀԿ-ի թեկնածու մասնակցել ընտրությունների: Ինձ հավատաց 20 հազար մարդ»:

Միհրան Պողոսյանը վստահեցնում է, այսօր ԱԺ-ում էլ ինքը շարունակում է պաշտպանել ոչ միայն իրեն ձայն տվածների, այլ բոլորի շահերը: «Նույն սելը հերիք ա ճռռա, էլի»,- ասաց պատգամավորը`հորդորելով լրագրողներին եւս փակել օֆշորային սկանդալի էջը:

Լրագրողները հիշեցին ընտրակաշառքների մասին խոսակցությունները եւ հրապարակումները, որոնք եղան ընտրական շրջանում: Ասացին`ձեր 20 հազար քվեներն ասում են, գնված է: «Կարելի է ասել ամեն ինչ, կարելի է խոսել ամեն ինչ: Ես շատ ուրախ եմ, որ ով ինչ ուզում խոսում է, բայց պետք է մեր ասածների հիմնավորումներն էլ բերենք: Չկա ոչ մի փաստ, հիմք, որ ձեր վկայակոչած փաստն ակտուալ է եղել այն տարածքում, որտեղ եղել եմ ՀՀԿ-ի թեկնածու»:

Լրագրողներից մեկն էլ վկայակոչեց Հայաստանի տնտեսական վիճակի մասին ԱՄՆ դեսպանատան զեկույցը, որտեղ խոսվում է մենաշնորհների եւ կոռուպցիայի մասին, հիշեցրեց, որ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը բանանի շուկայում մենաշնորհային դիրք է զբաղեցնում: Միհրան Պողոսյանը հիշեցրեց`ինքը «Քեթրին» ընկերությունը տվել է հավատարմագրային կառավարման ու պնդեց`նրա բիզնես գործունեության հետ ինքը կապ չունի: Նաեւ ասաց. «Տեսնում եմ, որ կառավարությունը բազում ճյուղերում մրցակցային դաշտ է ապահովել: Հիացած եմ, որ կառավարությունը կարճ ժամանակում կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր»: Օրինակներից մեկն էլ բանանի շուկան է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031