2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվում են հրապարակվել ՊՊԾ գնդին հարակից սեփական տներում գնդի գրավումից հետո կատարված քննչական գործողությունների՝ դեպքի վայրի զննությունների արձանագրությունները: Դրանց համաձայն՝ քննիչները բնակիչների տներում հայտնաբերել են զինամթերք:
Խորենացի փողոցում գտնվող տներից մեկում՝ աստիճանավանդակի տակ գտնվող շինարարական նյութերի մոտ հայտնաբերվել են չորս փամփուշտ, ատրճանակ, երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով:
Մյուս տանն էլ բնակիչը մաքրություն անելիս նկատել է երեք փամփուշտ եւ մետաղյա տարա, որի մեջ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ:
Մեկ այլ տան բնակիչ էլ քննչական մարմիններին հայտնել է, որ տանը եղել է 30 000 դրամով դրամապանակ, որը, սակայն, ՊՊԾ գունդը գրավածների՝ իր տուն մտնելուց հետո անհետացել է: Մեկ այլ բնակիչ էլ ՊՊԾ գնդի գրավումից հետո դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ գունդը գրաված խմբի անդամները ներխուժել են իր տուն ու թողել մեծաքանակ զինամթերք, այդ թվում՝ փամփուշտներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ