Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում կատարել կառավարությունը, այն վերաբերում է ընթերակայի ինստիտուտին:
Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանն ասաց, որ մի շարք գործերով նախատեսվում է, թե քանի ընթերակա ներգրավեն, որոշ գործերում կրճատել են: Ղամբարյանն ասաց, որ շատ երկրներ բարելավել են այդ ինստիտուտը, երկրներ կան, որ ընթերակայի ինստիտուտից հրաժարվել են՝ ամբողջությամբ տեսաձայնագրմամբ այն փոխարինելով:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ժամանակին մարդկանց բերում էին որպես ընթերակա, ինչ թղթի տակ ասես ստորագրել էին տալիս, հետո դատարաններում կանչում էին ընթերականերին հարցաքննության եւ գործը կոտրվում էր. «Հիմա ինչո՞վ է պայմանավորված նոր խմբագրությունը: Միտված է նրա՞ն, որ նախաքննության մարմինները ազատվեն ընթերականերից, ավել ականջ ունենալուց»: Ղամբարյանը պատասխանեց, որ հիմա սահմանափակելու են ընթերակաների մասնակցությունը որոշ գործերում, հետո քայլ առ քայլ կարող է գնան ընթերականերից հրաժարվելուն:
Ղամբարյանն ասաց, որ խուզարկությունների, զննությունների, փորձարարությանը կամ անձի եւ առարկայի ճանաչմանը վերաբերող գործերում ընթերակայի մասնակցությունը պահպանվել է, բայց նմուշ վերցնելիս պետք չէ, փորձանմուշ վերցնելու համար միայն փորձագետն է պետք. «Օրինակ, սերմնահեղուկ վերցնելու համար չենք կարա բերենք ասենք՝ տեսանկարահանեք, տեսեք ոնց է վերցվում: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կհամաձայնվի: Օրինակ, դիակի ճանաչումը, չեմ կարծում, որ որեւէ մեկը այստեղ կցանկանա մասնակցել դիակի ճանաչմանը: Դա եւ բարոյական, եւ իրավական տեսանկյունից անթույլատրելի է, որ անձին, որը որեւէ կապ չունի քրգործի հետ, իրեն ասեն՝ դու պարտավոր ես գալ մասնակցել: Պարտականություն դրել ենք, պատասխանատվություն չենք էլ դրել»:
Արփինե Հովհաննիսյանն էլ կոչ արեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը չդարձնել այլ ձեւաչափով քննարկում եւ վերադառնալ իրենց քննարկման դաշտ: Նա ասաց, որ դեմ չէ այն տարբերակին, որ Քննչական կոմիտեն է առաջարկում, բայց ինչու 4 գործողությունների դեպքում որոշում կայացվեց պահպանել ընթերակաների ինստիտուտը, մյուս դեպքերում հրաժարվել: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նույն անցանկալի դեպքերի ժամանակ ընթերակա լինելու համար թե ինչ ճանապարհով էին ընթերակա գտնում՝ քննչական գործողություն անելու համար, պարզապես զավեշտալի էր, գիշերվա կեսին կարող էին պարզապես մտացածին անուն գրել, մեկին տալ տակը ստորագրեր: Արթուր Ղամբարյանը պատասխանեց, որ հատկապես 4 տեսակի քննչական գործողությունների պահպանմանը եկել են երկարատեւ քննարկումներից հետո, այն քննչական գործողությունների համար, որոնք վերականգնելի չեն, ընթերակայի մասնակցությունը որոշվեց պահպանել, օրինակ, խուզարկություն անելու դեպքում, բայց սա չի նշանակում, որ զուգահեռ տեսաձայնագրառում չեն կարող անել: Նա ասաց, որ մյուս դեպքերում հանել են, որովհետեւ անիմաստ է, օրինակ, հեռախոսազանգերի վերծանում կարող էր լինել երկու հատոր ու այդ ամբողջի ժամանակ ընթերակայի մասնակցության իմաստը ո՞րն է:
Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ քննիչները երբեմն ընթերակա չճարելով՝ տաքսի էին կանչում ու տաքսու վարորդին ասում՝ «դե մի հատ ստեղ ստորագրի»: Հիմա օրենքով այդ հարցը կարգավորվում է: Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պրոֆեսիոնալ քննիչները շատ հեշտությամբ գտնում են ընթերականեր, իսկ այն քննիչները, որոնք սուտ բանի տակ ստորագրող էին ման գալիս, պարզ է, որ դժվարանում էին ճարել:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ