Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

Հունվար 31,2018 16:06
qreakan

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն, կնոջն ու մանկահասակ երեխային բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ իր նկատմամբ կիրառել են հոգեբանական բռնություն. պահանջել են խոստովանել, թե, իբր, ինքն է սպանել իր համագյուղացուն` սպառնալով հակառակ դեպքում կնոջը ուղարկել քրեակատարողական հիմնարկ, իսկ երեխային` մանկատուն: Չդիմանալով իր նկատմամբ կիրառվող հոգեբանական ճնշումներին` համաձայնվել և խոստովանել է իր չկատարած հանցագործությունը:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Մ. Մ.-ն, 18.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ 15.01.2018թ.-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի մոտակայքից իրեն նստեցրել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Մ. Մ.-ն հայտնել է, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկաններից մեկը հարվածել է իր գլխին:

Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Գ. Կ.-ն, 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ Գ. Կ.-ի` տուժել է նաև այդ պահին իր հետ գտնվող հղի դուստրը, ով ոստիկանների գործողությունների պատճառով տարած սթրեսի հետևանքով առողջական խնդիրներ է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031