ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը նախագիծ է ներկայացրել: Այն կոչվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին:
Այն այսօր քննարկվում էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում: Նախագծով առաջարկվում է թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել ուսումը օտարերկրյա դպրոցական հաստատություններում, երբ լրանում է զորակոչի տարիքը: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյո՞ք այն է, որ իր որդին սովորելու է օտարերկրյա դպրոցում:
«Աղջիկս սովորում է Ամերիկյան համալսարանում, իսկ տղաներս սովորում են դպրոցում: Կարող է եւ գնան օտարերկրյա դպրոց»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Հարցին՝ ձեր երեխաների համա՞ր եք այդ նախագիծը ներկայացնում, Միհրան Պողոսյանը չհերքեց. «Ես նաեւ ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկանանք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Հայաստանում սովորողները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում: Անձնական շահագրգռվածություն կա, որովհետեւ 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից»,- ասաց պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ