Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանը՝ նախագահի պաշտոնում, չի կարող Հայաստանում էապես իրավիճակ փոխել». Հովհաննես Իգիթյան

Հունվար 31,2018 15:43

«Հաջորդ նախագահը Հայաստանում իրավիճակ փոխել չի կարող»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ պարոն Իգիթյանի՝ որքան էլ այս փուլում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ, փորձում հասարակությանը ուղերձներ տալ, պետք է հասկանալ, որ նա հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Պարոն Իգիթյանը մանրամասնեց. «Այստեղից էլ բխում է այն, որ սպասել՝ այս պաշտոնում ընտրված մարդը չի կարող էապես ՀՀ-ում իրավիճակ փոխել, ճիշտ չի լինի: Բայց լավ է այն, որ այս պաշտոնում նշանակվում է կրթություն ու փորձ ունեցող անձ, թե չէ ամեն պաշտոնի սպասում ենք մականունով, կամ քրեական անցյալ ունեցող մարդու, ինչպես մեր ԱԺ-ում է»:

Պարոն Իգիթյանն ասաց, որ սուբյեկտիվ վերաբերմունք ունի Արմեն Սարգսյանի հանդեպ ու պատմեց իրենց համագործակցության մասին. «Մենք միասին ճանապարհ ենք անցել: Այն ժամանակ, երբ կարևոր էր ՀՀ-ն ներկայացնել քաղաքակիրթ աշխարհում, նա Եվրամիության՝ մեր դեսպանների կոորդինացնող էր, իսկ ես ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Արմեն Սարգսյանը մեծ դեր ունեցավ ԼՂ խնդիրը միջազգայնացնելու հարցում»:

Այն խոսակցություններին, թե Արմեն Սարգսյանը գալիս է Հայաստանի՝ արևմտյան, եվրոպական արտաքին քաղաքականությունը զարգացնելու համար, պարոն Իգիթյանն արձագանքեց. «Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը պայմանավորված չի լինելու նախագահի պաշտոնով կամ անձով: Դա ՀՀ քաղաքականությունն է և առաջին հերթին հենց վարչապետով է պայմանավորված, և հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Ռուսաստանը բոլոր ոլորտներում արդեն գրեթե մենաշնորհային դիրք ունի՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ հարցերում: Չեմ կարծում, որ այդ հարցում Արմեն Սարգսյանն ուղղակի ձևով կկարողանա հավասարակշռություն ունենալ և-և-ի հարցում: Ոչ մի և-և գոյություն չունի: ՀՀ-ն լրիվ պրոռուսական քաղաքականություն է տանում: Որևէ ձևով Հայաստանը՝ նույնիսկ ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիր, որևէ քաղաքականություն այդ ուղղությամբ չի փոխել: Եթե իրավիճակը, մարդիկ չփոխվեն, այդ ուղղությամբ շարունակվելու է»:

Պարոն Իգիթյանի դիտարկմամբ՝ ՀՀ բոլոր իշխանավորները Ռուսաստան բառն արտահայտելու բարդույթ ունեն: Ըստ պարոն Իգիթյանի՝ սխալ էր այն, որ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չբարձրաձայնեց ՌԴ-ին վերաբերող խնդրահարույց հարցերը: Մինչդեռ ըստ պարոն Իգիթյանի՝ Հայաստանը պետք է բարձրացնի այն հարցը, որ հակամարտությունների գոտիներում զենքի մասսայական թե′ մատակարարում, թե′ կիրառում չլինի:

Պարոն Իգիթյանը վրդովվեց, թե Ռուսաստանը Հայաստանին համարում է «իր գրպանի երկիր» ու զուգահեռ տարավ Թուրքիայի և Ադրբեջանի հետ. «Թուրքիան իր հստակ դիրքորոշումն ունի. Ղրիմի բռնակցումը չի ճանաչում, անընդհատ այդ հարցերում դեմ է քվեարկում, Ադրբեջանն անընդհատ ներկայացնում է Ռուսաստանին՝ որպես օկուպանտ, բայց ՌԴ-ն նրանց չի պատժում, ընդհակառակը, փորձում է այս երկրների հետ ավելի բարեկամական, սերտ հարաբերություններ վարել և սիրաշահելով՝ բերել իր մոտ: Իսկ Հայաստանը համարում է իր գրպանում գտնվող երկիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031