Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց Գեղամյան-Փաշինյան միջադեպի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին «Ելքի» նախագիծը:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց. «թե Կոստանյանն ասում է, որ այս հարցը պետք է տանենք քրեաիրավական դաշտ, մենք այդ համատեքստում չենք հարցը քննարկում, գոյություն ունի ԱԺ կանոնակարգ օրենք, դեպքը տեղի է ունեցել խորհրդարանական Հայաստանի խորհրդարանում: Իբր թե խորհրդարանական կառավարման գնացող երկրի խորհրդարանում տեղի է ունեցել պատգամավորի նկատմամբ հարձակում՝ նրա կողմից ԱԺ ամբիոնից կարծիքներ արտահայտելու համար: Եթե մենք չենք պատժում, որեւէ ընթացակարգ չենք սկսում, որեւէ պատգամավոր չի կարող բացառել, որ այստեղ իր վրա կհարձակվեն բռունցքներով կամ մարմնի այլ մասերով: Այս հանձնաժողովը կարող է այս հարցին ճիշտ լուծում տալ: Գեղամյանը չի բողոքում, որովհետեւ հարձակվողն ինքն է, եթե Փաշինյանը ֆեյսբուքի իր 57 հազարանոց էջում զրպարտել է, Գեղամյանը չի հերքել ու չի բողոքել, որ իրեն զրպարտել են, այսինքն, ըստ էության չհերքված փաստի մասին ենք խոսում: Կա փաստ, դա անողն էլ չի հերքել, ուղղակի այլ կերպ է ներկայացրել, թե վիճաբանություն է եղել, անախորժություն: Հետեւաբար պետք է ստեղծենք հանձնաժողով, որ գնահատական տանք եւ կանխենք բռնությունները այս շենքում: Եթե դա չենք կարող անել, ապա ումից ինչ ենք պահանջում: Հետո էդ ո՞նց է լինում, որ միշտ ընդդիմադիրների վրա են հարձակվում, որովհետեւ միշտ եղել է անպատժելիություն»:
Մարուքյանը ՀՀԿ-ականներին հարցրեց՝ 11 անդամ ունեցող հանձնաժողովից 6-ը ՀՀԿ-ական են լինելու, դուք մեծամասնություն եք, ինչի՞ց եք վախենում, կարող եք ապացուցել, որ Գեղամյանը մեղավոր չի. «Դուք ունեք մեծամասնություն, ավելի շատ անդամ, ավելի շատ իրավունք, քան մենք»:
Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ իրենք վախեցած չեն. «Վախեցածի դե՞մք ունենք: Էստեղ հանրապետական վախեցած մա՞րդ եք տեսել, բա ինչի՞ եք ասում վախեցել, էդ ո՞վ ա վախեցել, որտե՞ղ վախեցած մարդ տեսաք»:
Թովմասյանն ասաց, որ իրենք դեմ են նման հանձնաժողով ստեղծելուն, էթիկայի հանձնաժողովը պատժիչ հանձնաժողով չի, այնպես որ պատժելու հարցը պետք է մի կողմ դնել. «Իսկ բռունցքով հարձակվելը արդյոք էթիկայի խախտո՞ւմ է, թե՞ չէ: Համենայնդեպս չի նշվել, թե դա էթիկայի որ նորմի խախտում է»: Ըստ Հրայր Թովմասյանի, եթե երկու չափահաս տղամարդու միջեւ բանավեճ է եղել, չի ուզում, որ նման նախադեպ լինի եւ պառլամենտում դա քննարկեն:
Ինչպես տեղեկացրել ենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին, բայց այն դեռ կարող է քննարկվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ