Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց Գեղամյան-Փաշինյան միջադեպի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին «Ելքի» նախագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հարցրեց, թե ինչո՞ւ են գրել՝ Գեղամյանի հարձակման փաստի առիթով ստեղծել հանձնաժողով, այդպես Գեղամյանի անմեղության կանխավարկածն է խախտվում, բա որ հանձնաժողովը հետո պարզի, որ ոչ թե Գեղամյանն է հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, այլ՝ Փաշինյանն է հարձակվել: Նա նաեւ ասաց, թե ինչու այդ դեպքում քրգործ չեն հարուցել, ԱԺ-ում հանձնաժողով են ուզում ստեղծել: Զեյնալյանն էլ ասաց, որ եթե պարզվի, որ Փաշինյանն է հարձակվել Գեղամյանի վրա, հանձնաժողովը կտա բացասական եզրակացություն:
Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ ինքը դեմ է, որ նախագծի վերնագրում հենց գրված է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի անունը, մինչդեռ ավելի լավ կլիներ ամսաթվով լիներ՝ 2017-ի հոկտեմբերի 5-ի միջադեպի հետ կապված հանձնաժողով. «Մենք անմեղության կանխավարկածը խախտում ենք եւ մեղադրում ենք Արտաշես Գեղամյանին, որ ինքը թույլ է տվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտում: Գնահատական տալ չեք կարող, հանձնաժողովի անդամները պիտի ասեն՝ մենք կաշկանդված ենք այս վերնագրով»:
«Ելքի» անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ամսաթվով վերնագիրը դնելով՝ լղոզվում է, ըստ նրա, ՀՀԿ-ն վատ է զգում, որ իրենց խմբակցության անունն է նշվում: Սա նախադեպ է եւ եթե նման կերպ լղոզեն հարցը, դա վատ նախադեպ կարող է դառնալ. «Ասում եք, որ ամսաթվով գրենք, այդ օրը կարող է մի քանի հատ ավարիա է եղել, մեկի ոտը ոլորվել է ճաշարանում, մեկը մեկի քամած մածունն է կարող է կերել, ես ինչ իմանամ ինչ է եղել: Մենք ասում ենք, որ տեղի է ունեցել պատգամավորի հետ կապված լուրջ միջադեպ»:
Մախմուդյանն էլ մեջբերեց Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա նշել էր, որ Գեղամյանի հարձակումից հաջողությամբ պաշտպանվել է եւ մի երկու անգամ էլ կոշիկները փայլեցրել իրենով. «Հիմա սա պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտման փա՞ստ է, թե՞ ոչ»:
«Ելքն» էլ առաջարկեց, որ Փաշինյանի կոշիկները Գեղամյանի վրա փայլեցնելու դեպքի առիթով նախագիծ ներկայացնի ՀՀԿ-ն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ