Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպեց ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Այս հանդիպումը եւս «փակ» էր, կարող էին ներկա գտնվել միայն գիտխորհրդի անդամները:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ մտնելով գիտխորհրդի դահլիճ` Արմեն Սարգսյանը ձեռքով բարեւեց իր ծանոթ դասախոսներից մի քանիսին:
«Բոլորդ շատ լավ ճանաչում եք Արմեն Սարգսյանին: Նա նախագահի կողմից առաջարկվել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Այս օրերին բավականին նյութեր կան, հարցազրույցը եղավ Արամ Աբրահամյանի հետ, որոշակի հարցերի պատասխաններ պարոն Սարգսյանն արդեն տվել է: Այսօր էլ կլինեն այնպիսի հարցեր, որոնք սովորաբար համալսարանականները անբռնազբոսիկ ձեւով տալիս են»,-ասաց ԵՊՀՀ ռեկտորը:
Մանրամասները` տեսանյութում
«Ես սկզբունքորեն գիտեմ, թե ինչպես են դիմում Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում` տիկնայք եւ պարոնայք, բայց ես այս պահին իմ շատ սիրելի համալսարանում եմ, որտեղ իմ ընկերներն են: Համալսարանն ինչպես ձեր, այնպես էլ իմ տունն է: Երբ համալսարանի դռնից մի անգամ մտնում ես, հետո եթե հինգ-տասը տարի էլ անցնի, սիրտդ թողնում ես այս շենքի մեջ: Այդ առումով ինձ համար շատ հաճելի է, որ այստեղ եմ գտնվում, եւ դուք տեղյակ եք, որ Հանրապետության նախագահը ինձ առաջարկ է արել, նաեւ ընդունեց, որ ես ժամանակ վերցնեմ մտածելու համար…Որոշում կայացնելուց առաջ ես կարիք ունեմ հանդիպումների եւ մարդկանց հետ զրուցելու»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ