Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բռունցքներով հարձակվելը ո՞րն է, Գեղամյանը կարող է բռունցք է արել ու 6 մետր առաջ եկել». Փաշինյան-Գեղամյան միջադեպի հարցը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հունվար 31,2018 14:48

Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվեց «Ելքի» առաջարկը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջադեպի հետ կապված: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի: Առաջարկում է սահմանել, որ հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է նշանակում, 3-ին Ծառուկյանը, 1-ը ՀՅԴ-ն, մեկը՝ «Ելքը»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հարցրեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ բռունցքներով հարձակվելը ի՞նչ է իրենից ներկայացնում, այնուամենայնիվ, հարվածե՞լ է, թե՞ ուղղակի հարձակվել է: Բռունցքներով հարձակվելը ինձ համար պարզ չի, բռունցքները մարդու օրգանիզմի ինչ-որ մաս են, ըստ ձեզ հարվածներ եղե՞լ են, թե՞ բռունցքներով հարձակվել է միայն: Սրանք տարբեր բաներ են»:

Զեյնալյանը պատասխանեց, որ հանձնաժողովը հենց դա էլ կպարզի՝ հարվածե՞լ է, թե՞ ինչ է արել: Թովմասյանն ասաց, որ Գեղամյանը կարող է բռունցք է արել ու 6 մետր առաջ եկել:

Զեյնալյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, հաղորդում է ներկայացրել եւ դա փաստական հիմք է եւ հանձնաժողովը պետք է քննարկի: Հրայր Թովմասյանն ասաց, որ իսկապես չի պատկերացնում՝ «ռեալ ի՞նչ է եղել այդտեղ, բռունցքներով հարձակվելն ի՞նչ է»:

Ավելի ուշ նիստի ավարտից հետո էլ Հրայր Թովմասյանը արդեն Էդմոն Մարուքյանին էր հորդորում իր վրա անել, այսպես ասած, այդ «պրյոմը» եւ ցույց տալ, թե կոնկրետ ոնց է բռունցքներով հարձակվել Գեղամյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասաց, որ պատասխանատվության համար կարեւոր նշանակություն ունի արարքը, հետեւանքը եւ դրանց միջեւ պատճառահետեւանքային կապը. «Եթե ասում եք, որ հարձակում է տեղի ունեցել, կարեւոր է հետեւանքը՝ ունե՞նք հետեւանք, թե՞ չունենք: Մարմնական վնասվածքներ կա՞ն»:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ ԱԺ-ում պատգամավորի էթիկայի կանոններ կան եւ Կոստանյանի ասածը կիրառելի չէ, Գեղամյանը ոտնձգություն է արել էթիկայի կանոնների նկատմամբ ենթադրաբար ու հանձնաժողովը պետք է դրա վերաբերյալ եզրակացություն տա՝ տեղի ունեցե՞լ է կանոնների խախտում, թե՞ ոչ:

Մարուքյանն ասաց, որ օրենսդրական գործունեության նկատմամբ ոտնձգություն է դա, պատգամավորի ազատ գործունեությունը պետք է երաշխավորված լինի:

Կոստանյանն էլ ասաց, որ «Բռունցքներով հարձակվելը օրենսդրական գործունեությանը դժվար ոտնձգություն լինի: Հանձնաժողովը պետք է պարզի՝ նման բան տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ, դեռեւս պետք է քննարկենք՝ նման փաստ եղե՞լ է, թե ո՞չ: Հարձակման փաստ եղե՞լ է»:

«Ելքի» պատգամավորները վստահեցրին, որ Փաշինյանը հայտարարել է, դա փաստ է:

Կոստանյանն էլ հակադարձեց՝ լավ է, որ պնդում եք, բայց ձեր պնդումը հաստատող փաստական ապացույցներ եթե լիներ՝ կքննարկեին այդ հարցը:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Քննարկման մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031