Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրեր Իրանից. Ազդեցիկ հոգևորականները զանգվածների մեջ դժգոհություն են սերմանում նախագահ Ռոհանիի կառավարության դեմ

Հունվար 31,2018 14:10

1.Իրանի իսլամական խորհրդարանն իր լիագումար նիստում մերժեց նախագահ Ռոհանիի ներկայացրած երկրի բյուջեի նախագիծը և ուղարկեց վերանայման․ նիստին ներկա 216 պատգամավորից 120 հոգի դեմ են քվեարկել, իսկ 83-ը՝ կողմ և 9-ը ձեռնպահ։ Իրանի մյուս տարվա բյուջեի ծախսային մասը կազմում է հարյուր տաս միլիարդ ԱՄՆ դոլար․ բյուջեն նախորդ տարվա համեմատ թեկուզ ունի 15 տոկոսի ավելացում, բայց կրճատվել է երեսուն միլիոն անձի /երկրի բնակչության մոտ քառասուն տոկոսի/ տրվող նպաստը՝ «Թանկացումներին փոխարինող լրավճարը»․ այդ լրավճարը սահմանել է նախագահ Ահմադի Նեժադը։

Նպաստների այդ զգայուն հարցը, էներգակիրների թանկացման հեռանկարը և մոտ 59 կրոնական, մշակութային և հասարակական կազմակերպության, կրոնական դպրոցներին և կենտրոններին տրվող հատկացումների նպատակահարմարության բանավեճը և սպասվող նվազեցումը, պատճառ են դարձել, որ պատգամավորները և այդ շարքում նաև նախագահ Ռոհանիի որոշ թիմակիցներ իրենց վերապահությունն արտահայտեն նոր բյուջեի նախագծի վերաբերյալ։

Ռոհանիի կառավարության կարծիքով, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրվող տարեկան հարյուր դոլար նպաստը փոշիացնում է պետության հնարավորությունները և արդյունքում օգտվում են նաև ընտանիքներ, որոնք աղքատության չափանիշներին չեն համապատասխանում։ Պատգամավորների կարծիքով՝ էներգակիրների հերթական թանկացումը շղթայաբար կավելացնի սպառողական ապրանքների գինը և պետք է պահպանել էներգակիրների ներկայիս գործող սակագները։

Երկրի ազդեցիկ հոգևորականները շատ զգայուն են իրենց հովանավորության տակ գտնվող կազմակերպությունների բյուջեի նվազեցման վտանգի հանդեպ․ նրանք այդ միջոցները ստանալուց բացի տնօրինում են նաև տասնյակ կրոնական-բարեսիրական հիմնարկներ, որոնց նվիրահավաքները և եկամտաբեր աշխատանքները դուրս են մնում հարկային դաշտից և ամեն տեսակ հաշվետվությունից։

Հոգևորականների արմատական թևի ներկայացուցիչները զանազան կազմակերպությունների անվան տակ հատկացումներ են ստանում կառավարությունից և դրա միջոցով քարոզչական լայնամասշտաբ աշխատանք են տանում, զանազան միջոցառումներ են կազմակերպում, միջազգային տարատեսակ կրոնական դպրոցներ կամ մշակութային կենտրոններ են հիմնում և արտասահմանյան երկրներում գործունեություն են ծավալում։

Փորձագետների կարծիքով նման ազդեցիկ հոգևորականներ ժողովրդական զանգվածների մեջ դժգոհություն են սերմանում նաև նախագահ Ռոհանիի կառավարության դեմ։ Այժմ բյուջեի նախագիծը քննարկվում է «Համապատասխանեցման հանձնաժողովում»։

2.Իրանի մի խումբ կանայք շարունակում են պայքարել գլխաշորի օգտագործման պարտադիր օրենքի դեմ․ նրանք հիմա նոր ոճ են կիրառել և Թեհրանի տարբեր խաչմերուկներում իրենց գլխաշորը դրոշ դարձրած միայնակ և լուռ կերպով բողոքում են, նրանց միացել են նաև որոշ տղամարդիկ։ Կանայք պահանջում են իսլամական տարազ կրելու պարտադիր օրենքը հանել և նախկինի նման դարձնել կամավոր․ սկզբունք, որ կիրառվում է նաև իսլամական մի շարք երկրներում։ Ոստիկանությունը կալանում է նման ցուցարարների, իսկ դատարանները նրանց ազատման համար ծանր գրավ են նշանակում։

Մարդու իրավունքների իրանցի պաշտպանների համաձայն Իրանի օրենքների «Հագուստի վարքագրքի օրենքը» չհարգողը պետք է տուգանվի մեկից մինչև տաս ԱՄՆ դոլարով, կամ տաս օրից մինչև վաթսուն օր կալանքով, բայց դատարանները կին ցուցարարների նման կազմակերպված ակցիայի դեմն առնելու համար տուգանք չեն նշանակում, այլ պահանջում են հազարապատիկ ավել գրավի գումար, որպեսզի կալանքն անխուսափելի դառնա։ Կանանց այս շարժումը կոչվում է «Դանդաղ ազատություններ» և «Սպիտակ չորեքշաբթի» և հիմնականում ուղղորդվում է Մասիհ Ալի Նեժադ անունով կին լրագրողի կողմից, որ հիմա ապաստան է գտել ԱՄՆ-ում և աշխատում է «Ամերիկայի Ձայն»ի պարսկերենի խմբագրությունում։ «Միջազգային ներում» կազմակերպությունը Իրանի «Հագուստի վարքագրքի օրենքը» (Dress code) համարում է մարդու իրավունքների խախտում, քանի որ սահմանափակում է կանանց կամարտահայտության իրավունքը։

3.Ինչ որ արտոնվում է Սաուդական Արաբիային, հակացուցված է Իրանի Իսլամական Հանրապետության։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Եմենի հարցով առաջնորդվում է այս սկզբունքով և փորձում է միջազգային նոր սանկցիաներ կիրառել Իրանի դեմ։ Արաբական Եմեն երկիրը փաստորեն կանգնած է տրոհման եզրին և այնտեղ հավատարմային կռիվ (Proxy war- Опосредованная война) են մղում Իրանն ու Սաուդական Արաբիան․ վերջինս շրջափակման տակ է պահում Եմենի նավահանգիստները և օդով ու ցամաքով ռմբակոծում է երկրի այն տարածքները, որոնք վերահսկվում են Իրանի հովանավորյալների կողմից։ Իրանը ևս մեղադրվում է իր կողմնակիցներին հեռահար հրթիռներ և այլ զենքեր մատակարարելու հարցում։ Եմենի հութիները (Houthis), որոնք համարվում են Իրանի իշխող վերնախավի՝ շիաների դավանակից, ամիսներ առաջ նման հրթիռով ռմբահարեցին Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Ռիադի օդանավակայանը։ ԱՄՆ-ի մասնագետները այդ հրթիռի մնացորդը զննելուց հետո հայտնել են, որ դրանք արտադրվել են Իրանում։ Իրանը հերքում է այդ մեղադրանքը։ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպան տիկին Նիկի Հեյլին Վաշինգտոնի ռազմական բազաներից մեկում այդ հրթիռի մնացորդները ցուցադրել է լրագրողներին, իսկ անցած երկուշաբթի օրը նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամների դեսպաններին։ Դեսպաններն ապա ճաշի հյուր են եղել ԱՄՆ նախագահ Թրամփի մոտ, որը դարձյալ հայտնել է, որ պետք է վերանայել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համապարփակ ծրագիրը (Joint Comprehensive Plan of Action-Совместный всеобъемлющий план действий) և Իրանի հրթիռ արտադրելու ծրագիրը ներառել համապարփակ ծրագրի սանկցիաների ցուցակում։ Իրանն անգամներ հայտարարել է, որ երբևէ չի համաձայնվի համապարփակ ծրագրի վերանայման հարցում, քանի որ հրթիռաշինությունը համարում է իր իրավունքը և դա ոչ միջուկային ծրագիր է։ Համապարփակ ծրագիրը ստորագրել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մի շարք անդամ երկրներ, որոնք հայտնել են, որ այդ պայմանագրի վերանայման հիմքեր չեն տեսնում։

Հարկ է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս վերջերս Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում հարցազրույց տվեց ֆրանսիական L’Express թերթին և ի շարս այլ հարցերի հայտնեց, որ «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի» (L’accord de juillet 2015 concernant le nucléaire iranien est de notre point de vue une approche résolument constructive qui va dans le sens de la paix):

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

(Լուսանկարները վերցված են համացանցից):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031