Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հարկային դրույքաչափեր կիջեցվեն

Հունվար 31,2018 13:53

ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Վահրամ Բաղդասարյանն առաջարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել: Նախագծի նպատակը պետական եւ տեղական կառավարչական հիմնարկների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման մոտեցումների վերանայումն է, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների իրականացման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռի անփոփոխ պահպանելը: Այսպիսով, եթե պետական կամ տեղական կառավարչական հիմնարկները վարձակալությամբ տարածք, գույք կամ ծառայություն են տրամադրում եւ այդ գումարը ուղղորդվում է համայնքային բյուջե, այն կազատվի ԱԱՀ-ից: Իսկ ուղեւորափոխադրումների մասով, կվերանայվի արտոնագրային հարկի բեռը` այն պահպանելով նախկին մակարդակում: Միաժամանակ, ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող:

Խոսրով Հարությունյանը հիմնավորում է`այս նախաձեռնության համար հիմք են հանդիսացել տրանսպորտային կազմակերպություններից ստացվող դիմումները: Մանավանդ դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացման պայմաններում հարկային դրույքաչափերի նվազեցումը օրհասական է դառնում:

Կառավարությունն առարկություններ չունի: Նիստին ներկա ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ կառավարությունում էլ են հրատապ համարում այս հարցը: Այն քննարկվելու է վաղվա նիստում:

Խոսրով Հարությունյանը մեկ հարց ուներ`ինչո՞ւ է միկրոավտոբուսների համար ավելի մեծ դրույքաչափ սահմանվում, քան ավտոբուսների համար: Փոխնախարարը բացատրեց`դեռ 19 տարի առաջ, միկրոավտոբուսների համար մեծ դրույքաչափի սահմանումը պայմանավորված է եղել այն մտավախությամբ, որ  նախապատվություն չտրվեր միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումներին: Խոսրով Հարությունյանը նկատեց`բայց փաստ է, որ նախապատվությունը տրվեց միկրոավտոբուսներին: Ու խոստացավ`առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կանդրադառնանք այս հարցին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ, դիտարկումներ, հարցեր, կարծիքներ չկային: Խոսրով Հարությունյանը հիշեց իր դասախոսին. «Ասում էր`կամ ամեն ինչ հասկանալի է, կամ էլ`ոչինչ հասկանալի չէ»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031