Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ աղճատելով և խեղաթյուրելով ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանում հակաիրավական վարքագիծ դրսևորող անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ Վանաձորի քաղաքապետին ուղղված միջնորդագիրն ու դրա նպատակները, այն որակել է իբրև ըստ բնակության վայրի հանրակացարանում բնակվող անձանց նկատմամբ «խտրական վերաբերմունքի, խարանի ձևավորման» դրսևորում: Այդպիսով, իբր արձանագրվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
1. Միջնորդագիրը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա և հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու դատախազի լիազորության շրջանակներում: Իսկ առիթն այն էր, որ միջնորդագրին նախորդել էր հանրակացարանի տարածքում ծանր հանցագործության՝ դանակահարության կատարումը, որի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն և արդեն իսկ կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, ով գտնվում է կալանքի տակ: Պահպանելով նախաքննության գաղտնիության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ապահովման սկզբունքները` այնուամենայնիվ պետք է նշել, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական կոնկրետ տվյալներով էր պարզվել, որ նախ՝ դանակահարությունը տեղի է ունեցել հանրակացարանի բնակիչներից ոմանց հետ ուղղակի կապ ունեցող անձանց կողմից և որ այդ տարածքում հաճախակի են տեղի ունենում հասարակական կարգի խախտման դեպքեր:
2. Եթե անգամ որպես հիմք ընդունենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վկայակոչած վիճակագրությունն առ այն, որ 2016 և 2017թթ. նշված հանրակացարանում տեղ գտած դեպքերի կապակցությամբ հարուցվել է մեկական քրեական գործ, իսկ երկու տարվա ընթացքում ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 61 ահազանգ, որոնցից երկուսի հիման վրա մեկական անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա այդ ամենն ինքնին արդեն առավել քան փաստարկում են մարզի դատախազի միջնորդության մեջ նշված այն հանգամանքը, որ տվյալ հանրակացարանում հաճախակի են տեղի ունենում տարատեսակ իրավախախտումներ և հանցագործություններ:
Հարկ է տեղեկացնել, սակայն, որ այդ հանրակացարանում արձանագրված դեպքերով միայն 2017թ. երկու քրեական գործ է հարուցվել: Մեկը՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 147-րդ հոդվածի 1-ին մասով խուլիգանության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, մյուսը օգոստոսի 18-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածել» նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով: Այլ կերպ ասած՝ դատախազի միջնորդագիրը փաստացի հաջորդել է հանրակացարանում կատարված դեպքերով թվով երրորդ քրեական գործի հարուցմանը: Բացի դրանից՝ հանրակացարանից իրավապահ մարմիններին արված տասնյակ ահազանգերի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են մասնավոր հետապնդման դեպքեր և դրանցով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով:
Առնվազն տարակուսելի է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին տարփողող կազմակերպությունը բացարձակապես անուշադրության է մատնում իրավախախտումների և հանցագործությունների պատճառով հանրակացարանի հիմնական օրինապահ բնակչության բնականոն անվտանգ կենսագործունեության, հանգստի իրավունքը, տվյալ տարածքում պատշաճ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:
3. Գրասենյակը միտումնավոր և նպատակամղված խեղաթյուրում է փաստերը՝ փորձելով հանրային սխալ կարծիք ձևավորել այն մասին, թե իբր ՀՀ Լոռու մարզի դատախազը որպես «հակաիրավական հայացքներ» ունեցող անձինք, նկատի է ունեցել հանրակացարանի ամբողջ բնակչությանը: Իրականում թե՛ միջնորդագրում և թե՛ դրա կապակցությամբ ԶԼՄ-ներին տրամադրված տեղեկատվության մեջ հստակ նշվել է, որ որպես հանցագործությանը նպաստող հանգամանք է համարվում հանրակացարանը «նաև հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը»: Նշվածից ակնհայտորեն հետևում է, որ նման բնորոշումը չի վերաբերում և չէր կարող վերաբերել հանրակացարանի բոլոր ընտանիքներին և բնակիչներին:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ երևույթների յուրովի մեկնաբանությունը, որպես բացարձակ ճշմարտություն, նմանատիպ խեղաթյուրումներով հանրությանը մատուցելու, այդպիսով վերջինիս մոլորեցնելու գործելաոճից և մութ սենյակում չեղած սև կատու չփնտրել:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին