Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը եւ «Ծառուկյան» խմբակցության այլ պատգամավորներ ներկայացրել են «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հաշվի առնելով 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունները, որը չունեցավ քաղաքական բովանդակություն, գտնում են, որ պետք է փոխվի վարկանիշային՝ ռեյտինգային ընտրակարգը. «Հիմա առաջարկում ենք ընտրություններն անցկացնել պարզ՝ համամասնական ընտրակարգով՝ մեկ ընդհանուր կուսակցության կամ դաշինքի ցուցակով»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունը հիմնավորումներ է ներկայացրել, որը բացարձակապես լուրջ չէ, հիշեցնում է տուրիստական путеводитель, միայն նշել է, թե աշխարհում ինչպիսի Ընտրական օրենսգրքեր կան ու ինչ կարգավորումներ կան. «Եվրիպիդեսյան եզրահանգում է արված, որ գլոբալ լավագույն մոդել որեւէ երկրում գոյություն չունի»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունը այլ հիմնավորում չէր կարող ներկայացնել, որովհետեւ բոլորը գիտեն, որ խնդիր կա: Նա ասաց, որ հիմա չի անդրադառնա կուսակցությունների ցուցակներին ու մեկ առ մեկ նշի, թե քաղաքական գործիչները քանի ձայն են հավաքել ու ապաքաղաքական գործիչները, որոնք ունեն խանութ, բուդկա, ինչ ձայներ են հավաքել. «Ռեյտինգային ընտրակարգը բացարձակապես ապաքաղաքականացրեց ընտրությունները»: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ընտրական գործընթացը պետք է կրկին քաղաքական դաշտ վերադարձնել:
Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի հետ համաձայնության են եկել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններն էլ հաշվի առնելով՝ փոփոխություններ կատարվեն, ուստի նախագծի քննարկումը հետաձգվեց:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն ժամանակին կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, ընդ որում՝ լայն կոնսենսուսով այն ընդունվել էր ընդդիմության կողմից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ