2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներից մեկի մասնակցությամբ:
Մասնավորապես, դատավոր Մեսրոպ Մակյանին դատական կարգադրիչների կողմից գրություն էր հղվել, որ քաղաքացիներից Ստելլա Աղաջանյանը դահլիճում բղավում է եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում դատարանի հասցեին: Դատավորը ակտիվիստին նախազգուշացում տվեց, սակայն Ստելլա Աղաջանյանը շարունակում էր բղավել: Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ նա մի քանի նիստով հեռացվեց դատարանից:
Աղաջանյանը հրաժարվեց ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչից հետո դատարանի կարգադրիչները նրան ուժով հեռացրին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ