Հրապարակումներ եղան, որ հնարավոր է «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն աջակցի ՀՀԿ-ին Արմեն Սարգսյանի ընտրության հարցում, որպեսզի Սարգսյանն առաջին փուլով ընտրվի նախագահ։ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ ասաց․ «Ես արդեն ասել եմ, որ օժանդակել-չօժանդակելու հետ կապված՝ որեւէ քննարկում չի եղել խմբակցությունում, եւ, բնականաբար, այս հարցին ես որեւէ կերպ չեմ անդրադառնա, պարզապես բոլորին կոչ կանեմ ենթադրություններով չառաջնորդվել, սպասել մեր պաշտոնական դիրքորոշմանը, որը կլինի քաղխորհրդի նիստից հետո, այնուհետեւ նոր խոսել առաջիկա անելիքների մասին»։ Բայց քանի որ «Ելքն» արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է լինելու, քանի որ իրենք իրենց թեկնածուն ունեն, որին, ի դեպ, չցանկացավ սատարել «Ծառուկյան դաշինքը», ուստի չի բացառվում, որ ԲՀԿ-ն որոշի աջակցել իր նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ հեշտությամբ անցկացնել նախընտրելի թեկնածուին։
«Կրկնում եմ՝ ենթադրություններով չեմ առաջնորդվել երբեւէ, եւ այս դեպքն էլ բացառություն չի կազմելու։ Կլինի քաղխորհրդի որոշում, կլինեն հստակ գնահատականներ, այդ ժամանակ էլ կլինի մեր անելիքների հստակ ժամանակացույցը, եւ մենք այդ մասին կխոսենք հաջորդիվ»,- կրկնեց ԲՀԿ-ական պատգամավորը։ Հարցրինք նրան՝ քաղաքական առումով տրամաբանակա՞ն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է պարտադիր դեմ լինի իշխանական թեկնածուին, այս դեպքում՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Տոնոյանն ասաց, որ երբեւէ որեւէ հարցում ինքնանպատակ դեմ լինելու ջատագովներից չի եղել․ «Այնպես որ, յուրաքանչյուր հարց առանձին քննության է ենթակա, յուրաքանչյուր հարցի հետ կապված՝ պետք է ընդգծված մոտեցում եւ վերաբերմունք ցուցաբերել։ Ինչ հարց էլ որ դա լինի՝ օրենսդրական նախաձեռնություն, նախագահի թեկնածություն կամ ցանկացած որեւէ այլ նախաձեռնություն»։
Բայց նրա անձնական վերաբերմունքն Արմեն Սարգսյանի անձի հանդեպ առնվազն բացասական չէ։ «Կարող եմ այսքանն ասել, որ պարզապես Արմեն Սարգսյանի անձին հարգանքով եմ վերաբերվում, իսկ ավելի խորքային դիրքորոշումներ եւ գնահատականներ կտամ մեր քննարկումից հետո»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում