Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որեւէ սուբյեկտ՝ լինի դատավոր, թե այլ պաշտոնյա, եթե չունի պատասխանատվություն՝ չարիք է պետության համար». Կոստանյան

Հունվար 31,2018 12:36

Այսօր ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկեց կառավարության ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, բայց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ հիմա նախագիծը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, մասնավորապես, ըստ նախարարի, Վճռաբեկ դատարան բողոք բերելու հնարավորությունը մեծացվել է, 12-ով ավելացվել է դատավորների թիվը, 2 դատավոր ավելացվելու է Վերաքննիչ քրեականում, Արմավիրի եւ Արարատի մարզի այլ դատարաններում, բացի այդ, Երեւանում գործելու է նաեւ մասնագիտացված սնանկության գործերով դատարան՝ իր կազմով: Դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները հանվել են, տեղափոխվել Դատավարական օրենսգիրք. «Դրանք կոշտ միջոցներ են, պրակտիկան հետագայում կարող է ցույց տալ, որ անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նախագծով ընդլայնվել է դատավորների սոցիալական երաշխիքների շրջանակը, ամրագրվել են դատավորի առողջության կամ դժբախտ պատահարներից ապահովագրության, բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակվելու դեպքում բնակարանի վարձի փոխհատուցման եւ մի շարք այլ հիմնադրույթներ:

Արտակ Զեյնալյանն առաջարկեց Վերաքննիչ քրեական դատարանում ոչ թե երկու դատավոր ավելացնել, այլ՝ 3, որ մեկ դատական կազմ ավելանա: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ընդհանուր երկրում դատավորների թիվը պետք է ավելանա, բայց իրենք կոնկրետ այդ դատարանում ոչ թե դատական կազմ ավելացնելու խնդիր են լուծում, այլ, որ դատավորը միանձնյա որոշում չկայացնի:

ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն էլ հիշեցրեց, որ ինքն առաջին ընթերցման ժամանակ առաջարկել էր, որ ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտումների հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել: Կառավարությունն առաջարկն ընդունել է: Այսուհետեւ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելու ՄԻԵԴ կամ ներքին դատավարական ընթացակարգերի արդյունքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ այն հայտնաբերելու պահից 1 տարվա ընթացքում: Կոստանյանն ասաց, որ ՄԻԵԴ որոշումը մեխանիկորեն հիմք չի դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, բայց առնվազն հիմք է՝ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ այստեղ հարց է առաջանալու՝ ո՞ւմ ենթարկել պատասխանատվության, եթե Վճռաբեկը խախտում չի տեսել, ո՞ր դատավորի նկատմամբ հարուցեն կարգապահական վարույթ՝ առաջի՞ն ատյանի դատավորի, Վերաքննիչի եռյակի՞, թե՞ Վճռաբեկի:

Կոստանյանը պատասխանեց, որ միջազգային իրավունքը սահմանում է, թե որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ պետք է հարուցվի: Նա ասաց, որ այստեղ շատ կարեւոր է, որ դատավորները ենթարկվեն պատասխանատվության. «Որեւէ սուբյեկտ, լինի դատավոր, թե այլ պետական աշխատող, եթե չունի պատասխանատվություն, դա չարիք է պետության համար»:

Նախագիծն ի վերջո հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, դեմ էին Էդմոն Մարուքյանն ու Զեյնալյանը միայն: Մարուքյանն ասաց, որ քանի որ իրենց առաջարկները չանցան, «Ելքը» դեմ է քվեարկելու Դատական օրենսգրքին, որը սահմանադրական օրենք է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031